civilnet.am: Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները վրանը կհանեն ու կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
«Մենք ունենք ֆինանսական լուրջ խնդիրներ։ Օրեր առաջ Շահրամանյանն առաջարկել էր մեզ տեղափոխվել Արցախի ներկայացուցչություն, տեղ կհատկացնի մեզ։ Մենք կգնանք այնտեղ»,- նշել է Իսկանդարյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները երեկ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել է, որ վաղը կառավարության նիստի ժամանակ երակարաձգելու են արցախցիների աջակցության 40+10 ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։
«Մենք թղթի վրա ներկայացրել ենք բոլոր կետերը, որոնք, ըստ մեզ, բարելավման կարիք ունեն։ Առաջին հերթին դա վերաբերում է բնակարանային ծրագրին։ Մենք ընդառաջ ենք գնացել կառավարությանը, քանի որ նրանք մի շարք կետերով հետքայլ են արել ու ընդունել են, որ մեզ ուղղված ծրագրերը բարելավելու կարիք ունեն»,- ասել է Իսկանդարյանը։
Իսկանդարյանը նաև նշել է, որ իրենք կաշկանդված չեն անհրաժեշտության դեպքում կրկին հանրահավաք անել։
Լուսանկարը՝ Ինֆոքոմի։
comment.count (0)