Փաստաբան Արա Ղարագյոզյանը իր ֆեյսբուքյան էջում իր պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակել է նրա տրամադրած տեսանյութն ու լուսանկարները, որոնք, պաշտպանի խոսքով, փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։
«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել Ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։
Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հարց եմ ուղղում Արփի Սարգսյանին՝ սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով։
Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»,- գրել է փաստաբանը իր ֆեյսբուքյան էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր։
comment.count (0)