«Բռնության որեւէ ձեւ, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»,- այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին։
«Երեւանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանների ղեկավարները, որոնք Երեւանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են, միշտ կլինեն։ Անընդհատ որեւէ մեկը որեւէ թեմայով որեւէ սուտ կասի, եւ էդ սուտը վստահաբար կարող ենք որպես սադրանք ընդունել։ Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու։ Կա քրեական գործ, նաեւ դրա էությունը ցույց է տալիս, որ կա երկրորդ կողմ, այսինքն՝ խուլիգանության հոդվածով անձինք են ներգրավված»,- հայտարարեց Ավինյանը, եւ, դիմելով Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին, ասաց, որ նա եւս պետք է ասելիք ունենա տեղի ունեցածի վերաբերյալ։
Տեր-Մարգարյանն էլ ներողություն խնդրեց․ «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, եւ Ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Հավատացնում եմ, որ դրանից հետո ինքս եկել եմ բազմաթից եզրահանգումների»։
Հիշեցնենք, մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաեւ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
comment.count (0)