Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամը մանդատը դնելու դիմումը հետ է վերցրել եւ հայտարարել, որ անկախ ավագանի է լինելու․ փաստաբանը կարծում է՝ ճնշում է եղել |news.am|
12:04 - 06 մայիսի, 2025

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամը մանդատը դնելու դիմումը հետ է վերցրել եւ հայտարարել, որ անկախ ավագանի է լինելու․ փաստաբանը կարծում է՝ ճնշում է եղել |news.am|

news.am: Գյումրիում տեղի են ունեցել ընտրություններ, ձևավորվել է ավագանին, ընտրել են քաղաքապետ, ու կարծես թե սկսել էր աշխատել, բայց ամենավատ կանխատեսումները հաստատվում են․ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ, և կամաց-կամաց սկսել է խարխլել այն իրավիճակը, որ ունենք գյումրեցիների ընտրության արդյունքում: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սոս Հակոբյանը, որը «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության անդամ է:

«Ապրիլի 21-ին [Գյումրու ավագանու] «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը հենց մյուս օրը՝ ապրիլի 22-ին արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ»,- հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ դիմումից, ըստ կարգի, հաջորդում է այն, որ համայնքի ղեկավարը արձանագրությունն ուղարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որն էլ իր հերթին այդ մասին արձանագրություն է կազմում: Դրանից հետո ցուցակի մյուս համարը պետք է դառնա ավագանու անդամ:

«Կա յոթօրյա ժամկետ, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա մինչև այսօր գոնե չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով անցել է: Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում եմ՝ անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,- մանրամասնեց Սոս Հակոբյանը:

Հարցին՝ այսինքն ճնշե՞լ են ՔՊ-ից, իշխանությունները փորձում են մեկ մանդատ գողանալով իրենց դիրքերը ուժեղացնե՞լ Գյումրիի ավագանիում, Սոս Հակոբյանը պատասխանեց. «Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել և այս առումով նաև կարելի է բռնություն սա համարել: Որովհետև այդպես չի լինում, անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ ,փոշմանեցի: բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել»:

Ըստ Սոս Հակոբյանի՝ «ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել