armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձավ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին էսկալացիային՝ շեշտելով Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում։ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ նա հիշեցրեց, թե ինչից այս էսկալացիան սկսվեց ընդհանրապես։
«Տեղի էր ունեցել ահաբեկչություն։ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ արձագանքել է, դատապարտել է ահաբեկչությունը, ցավակցել է զոհերի ընտանիքների անդամներին ու հարազատներին և զորակցություն է հայտնել։ Մենք, և, կարծում եմ, իրեն որևէ քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել ահաբեկչությունը։ Եվ մենք, կարծում եմ, որ պետք է ճանաչենք նաև ահաբեկչությունից պաշտպանվելու երկրի իրավունքը։ Մենք այս հարցին այդ պրիզմայով ենք նայում և այդպես ենք ընկալում, այդպիսին է մեր դիրքորոշումը»,- նշեց Միրզոյանը։
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ինը թիրախների, որոնք, ըստ Նյու Դելիի, օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից։ Հնդկական կողմը շեշտել է, որ Պակիստանի զինված ուժերին պատկանող որևէ ռազմական օբյեկտ թիրախ չի դարձել։
comment.count (0)