Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս
18:42 - 12 մայիսի, 2025

Հետարդյունաբերական ծռմռված քաղաքները․ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայից ներս

Ջերմասիճանը՝ -1, ձյան հավանականությունը՝ մեծ։ Ստեփանավանում դեկտեմբերի 27-ի եղանակային կանխատեսումն այսպիսին է։ Դեպի Ստեփանավան տանող ճանապարհը տեղ-տեղ ձյունապատ է։ Քաղաքում, չնայած կանխատեսումներին, ձյուն չկա, ցուրտն էլ տանելի է։

Սոցիոլոգոների մոտ տասը հոգանոց խումբը, ինչպես և պայմանավորվել էր նախապես, առավոտյան հավաքվում է Ստեփանավանի հայտնի «ֆոտոյի» մոտ ու քայլում դեպի հրապարակ։  

Դասական քաղաքային հրապարակ է․ անջուր շատրվան, տեղական ինքնակառավարման մարմինների մեծ շենքեր և տոնածառ, որն, ի տարբերություն նախորդների, այստեղ ժամանակավոր է։ Հրապարակից աջ՝ դեպի Թիֆլիս գնացող ճանապարհին է նայում Ստեփան Շահումյանի արձանը։ Այս գործչի անունն է կրում քաղաքը։

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտնականները տարածական և տարածքային հետազոտություններով զբաղվում են դեռ 2011-ից։ Այս տարիների ընթացքում ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի լաբորատորիան, ի թիվս այլ հետազոտությունների, ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքները։

Հաշվի առնելով այս փորձը՝ ֆակուլտետի գիտնականները որոշեցին նոր լաբորատորիա հիմնել, որը կզբաղվի հենց տարածքների հետազոտություններով՝ շեշտադրելով տնտեսական կայուն զարգացումը, աղքատության հաղթահարումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու տարածքների զարգացմանը վերաբերող այլ կարևոր հարցեր։

Այսպիսով, 2024-ին Բարձրագույն կրթության և գիտութան կոմիտեի՝ Հայաստանում հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի շրջանակում ստեղծվեց Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիան, որը Վիեննայի համալսարանի աշխարհագրության և տարածաշրջանային հետազոտությունների ֆակուլտետի Քաղաքային ուսումնասիրությունների աշխատանքային խմբի ղեկավար պրոֆեսոր Քերսթին Քրելենբերգի և նույն խմբի ասիստենտ Իվոնե Ֆրանցի հետ համագործակցությամբ սկսեց իր հետազոտական առաջին ծրագիրը՝ հայկական հետարդյունաբերական քաղաքների մասին։ 


Գիտնականները քայլում են դեպի առևտրի կենտրոնի շենք

Ստեփանավանի կենտրոնական հրապարակից խումբը թեքվում է աջ։ Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայի ղեկավար Հարություն Վերմիշյանը, որ ծնունդով Ստեփանավանից է, ծանոթացնում է տեղանքին։

Խումբը հասնում է Ստեփան Շահումյանի արձանին։ Արձանից քիչ այն կողմ առևտրի հին կենտրոնն է, որ գործել է խորհրդային շրջանում, իսկ հիմա ամայի տեսքի ունի։ Առևտրի կենտրոնի շենքի դիմաց դեղին ավտոբուսներ են։ 

 

Սոցիոլոգիա՝ ինտուիտիվ

- Մաթֆակ։ 

- Ֆիզֆակ։ 

- Մաթֆակ։

- Ֆիզֆակ։ 

- Սոցիոլոգիա․․․

Հարություն Վերմիշյանը սովորում էր ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում։ Ուսումնական վերջին տարվա ավարտին դպրոցի տնօրենը եկավ նրանց 30 հոգանոց դասարան՝ տեղեկանալու, թե աշակերտներից ով որ ֆակուլտետ է դիմելու։ Հարությունի սիրելի առարկան մաթեմատիկան էր, և տնօրենը նրանից ակնկալում էր լսել առնվազն «մաթֆակ»։ Վերջինիս հարցական հայացքի ներքո, սակայն, Հարություն Վերմիշյանը կրկնեց․

- Անկեղծ եմ ասում․ սոցիոլո՛գիա։ 


Հարություն Վերմիշյանը

Մաթեմատիկայի մեջ Հարությունը կիրառականություն էր փնտրում, բայց թե ինչու ընտրեց հենց սոցիոլոգիան, կամ, ինչպես 90-ականներին էին ասում, ընկերաբանությունը, այդքան էլ պարզ չէ։

«Չգիտեի՝ դա ինչ է, ինձ ինչ է սպասվում։ Բայց հաստատ գիտեի, որ դա՛ եմ ուզում, որովհետև ինտուիտիվ պատկերացնում էի»,- հիշում է նա։ 

Դե իսկ ժամանակը ցույց տվեց, որ ինտուիցիան չէր խաբում։ 

Բակալավրում սովորելու տարիները Հարությունին ոչ մի կերպ չէին հուշում, որ ինքն ակադեմիական ուղի կընտրի։ Համալսարան ընդունվելու սկզբնական ոգևորությունը մի պահ կորավ ու վերադարձավ 4-րդ կուրսի վերջում միայն։ Իսկ մագիստրատուրայում արդեն գործերն այնքան լավ էին, որ ֆակուլտետը նրան երաշխավորեց ասպիրանտուրայում սովորելու։ 

Բակալավրի սկզբնական տարիներին բաց թողածը լրացնել էր պետք, և ասպիրանտական տարիներն անցան գրադարանում։ Մի տարի միայն Հարությունը ծախսեց կարդալու համար բնօրինակներ, որոնց մասին բակալավրում դասագրքերով էին անցնում։

Մինչև հիմա հիշում է, թե ինչպես մի օր գրադարանում լուրջ դեմքով խնդրեց Կարլ Մարքսի «Կապիտալը», ու գրադարանի աշխատակիցը թերահավատորեն ծանր հատորները դրեց սեղանին․․․ 

Հարությունի ասպիրանտական թեզը վերաբերում էր հայ սոցիոլոգիայի պատմությանը, տեսությանն ու մեթոդաբանությանը։ Իսկ այդ թեման այնքան քիչ էր ուսումնասիրված, որ պետք էր գրադարանում շարունակ գրականություն փնտրել ու տեղեկություններ հավաքել։

Սոցիոլոգը հիշում է, թե ինչպես մի օր Ազգային գրադարանի գիտական ընթերցասրահի տարեց աշխատակիցներից մեկը մոտեցավ ու հետաքրքրվեց, թե ով է, ինչ է անում։ 

«Ասացի, որ դիսերտացիա եմ  գրում։ Նայեց [տեքստին], ասաց՝ այստե՞ղ ես հասել, տո՛ւր․․․ Վերջակետ դրեց, ասաց՝ տար հանձնի՛ր։ Ինչքան գրես, դեռ կգրվի․․․ Պաշտպանի՛ր, հետո շարունակիր գրելը»,- պատմում է Հարությունը։

Սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի արևկող սենյակի գրապահարանից գիտնականը մի գիրք է հանում, դնում սեղանին։ Ասում է՝ իր դիսերտացիայի «կողմնակի հետևանքն է»։ Թեման նա այնքան խորությամբ էր ուսումնասիրել, որ դիսերտացիան ի վերջո Հայ սոցիոլոգիայի պատմության ձեռնարկ դարձավ, ինքն էլ մնաց ակադեմիայում։ 

 

Սոցիոլոգիան՝ իր ծանրագույն բարդությամբ

Ստեփանավանի հին շուկայից խումբը քայլում է դեպի կամուրջ, որի ներքևում հոսում է հանքարդյունաբերությունից աղտոտված Ձորագետը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Արամ Վարտիկյանը հանում է թուղթն ու մատիտը և գծում՝ փորձելով քաղաքի «տարածությունների հիերարխիան հասկանալ»։


Ձորագետը

Խումբն առաջ է գնում, իսկ նա շարունակ հետ է մնում․ մերընդմերթ կանգնում է, զննում շուրջը, ինչ-որ բաներ թղթին հանձնում, գործընկերներին խնդրում լուսնկարներ անել այս կամ այն անկյունից։ Հարությունը շրջվում է, նայում իրենցից հետ մնացածներին․

- Անջատողականնե՜ր։


Արամ Վարտիկյանը գծում է տարածությունը

Արամ Վարտիկյանը սոցիոլոգիա եկավ պատահաբար, իսկ գիտություն՝ ոչ մի դեպքում պատահաբար, ինչպես ինքն է ասում։

Նա մեծացել է գիտնականների ընտանիքում․ հայրը ֆիզիկոս էր, մայրը՝ կենսաբան։ Պայմանավորված մոր մասնագիտությամբ՝ Արամի համար սպիտակուցների անունները ֆետիշներ դարձան․ նա սիրում էր կանգնել ու բարձր բղավել մայրիկի սինթեզած սպիտակուցների երկար անունները։

Մեծ գրադարան՝ կազմված մոտ 2000 անուն գրքից, խորհրդային ինտելիգենցիայի մասնակցությամբ զրույցներ․ այսպիսի մանկությունը պիտի նրան տրամաբանորեն տաներ դեպի գիտություն, իսկ ավելի կոնկրետ՝ ֆիզիկա։

«Երբ մտա ֆիզֆակ, սիրահարվեցի․ պատերին էի ձեռք տալիս, հոտն էի շնչում։ Մինչև հիմա 4-րդ հարկում զգացվում է ֆիզիկայի յուրահատուկ հոտը»,- հիշում է Արամ Վարտիկյանը։


Արամ Վարտիկյանը Ստեփանավանի այգում

Սակայն ֆակուլտետն այնքան էլ չէր համապատասխանում այն «բյուրեղյա իրականությանը», որն Արամը պատկերացնում էր։ Այն ամենը, ինչ նա տեսավ, գնահատականների մրցավազք էր լավագույն ուսանողի կոչմանն արժանանալու համար։ Գերազանց գնահատականների շարքում մի 4-ը կամ 3-ը կարող էր ճակատագրական լինել․ հաղթում էին նրանք, ովքեր միայն 5-եր ունեին։

«Իսկ ես ռոմանտիկ էի, պոետիկ էի, ես երկար պիտի թերթեի, մինչև հրապուրվեի, մինչև ոգևորվեի, մինչև գտնեի զրուցակից»,- պատմում է նա։

Արամի ուսանողական տարիներին համացանցը նորություն էր, և այնտեղ նա պատահաբար մի գիրք գտավ մթնոլորտի ֆիզիկայի մասին։ Մթնոլորտի ֆիզիկան դարձավ նրա նոր տարերքը։

«Մեկն ականջիս փչփչաց, որ դրանով զբաղվում են աշխարհագրության ֆակուլտետում։ Իմ միավորները ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի համար չհերիքեցին, բայց հերիքեցին աշխարհագրության ֆակուլտետի համար»,- հիշում է նա։ 

Աշխարհագրության ֆակուլտետը, սակայն, կրկին այն չէր, ինչ նա փնտրում էր․ ֆիզիկայի խնդիրներն այնտեղ առաջնահերթություն չէին։ 

Այդ ընթացքում Արամը հասցրել էր ծանոթանալ սոցիոլոգիայի ֆակուլտետին, չնայած որ ուսումն այնտեղ շարունակելու մտքեր չուներ։ Ասպիրանտուրա դիմելիս մտածում էր՝ մնալ աշխարհագրության ֆակուլտետո՞ւմ, թե՞ վերադառնալ ֆիզիկային։ Նրան մտափոխեց սոցիոլոգիայի ֆակուլտետի հիմնադիր Լյուդմիլա Հարությունյանը՝ առաջարկելով ընտրել սոցիոլոգիան, որտեղ «կային ավելի լայն հեռանկարներ»։ 

«Հայերեն ասած՝ ափալ-թափալ փորձեցի, զիջմամբ փորձեցի և վերցվեցի այստեղ․․․ Շատ քրտինք տարավ․ ես ուղնուծուծով բնագետ էի, սա շատ ծանր էր, սա շատ բարդ էր, սա շատ խորթ էր, սա շատ վիրավորական էր․․․ Բայց փրկությունն այն էր, որ պարզվեց՝ ես սիրում եմ ոչ թե խորթը, ոչ թե վիրավորականը, այլ ես սիրում եմ ամենածանրն ու ամենաբարդը։ Եվ ահա տարիներ անց (ոչ թե այն օրերին, որոնց մասին պատմում եմ) սոցիոլոգիան իմ առջև բացվեց իր մեծագույն բարդությամբ։ Ո՛չ մի ֆիզիկա, ո՛չ մի աշխարհագրություն նրա հետ չի համեմատվի իր ծանրագույն բարդությամբ։ Եվ ահա, այդ ծանրագույն բարդությունը դարձավ ամենագրավիչը»,- պատմում է գիտնականը։ 

Այդպես, նա դարձավ, ինչպես գործընկերներն են կատակում, այստեղի ամենածանր մտածողը․․․

 

Քաղաքները՝ ինդուստրիալությունից հետո

Ձորի վերևի հատվածում՝ կամրջից քիչ հեռու, կիսաքանդ ու ժանգոտված ցուցանակով շենք է՝ դիմացը քարերի կույտեր։ Այն ժամանակին ռեստորան է եղել։ Մինչ Արամը կանգ է առնում նկարելու «մահացած ռեստորանը», խումբն առաջ է շարժվում՝ ստեփանավանցիներին հարցուփորձ անելով ածնանոթ տեղերի ու հուշարձանների մասին։


Մահացած ռեստորանը

Անցնում են կայարանի կողքով։ Այն հիմա չի գործում․ դարձել է «Լեո» մանկական սրճարան։ Առյուծի նկարով գունավոր պաստառը տարօրինակ հակադրության մեջ է մտնում քաղաքի անձյուն ձմեռվա մռայլության հետ։

Որքան հեռանում են կենտրոնից, այնքան ավելի մռայլ է դառնում պատկերը․ ասֆալտապատ ճանապարհներին ու գեղեցիկ մայթերին հաջորդում են կիսաքանդ տներն ու ցեխոտ, անհարթ ճանապահները։ 1988-ի երկրաշարժի հետքերն ամենուր են․․․

Թափառող շները քաղաքում շատ են։ Նրանցից մեկը՝ սպիտակ մորթով ու փոքր, կարմրած աչքերով, ողջ օրը գիտնականներից չի հեռանում։ Արամը նրան Ջեմսիկ է կոչում։ Դե, իրականում, նա բոլոր շներին է այդպես կանչում․ մանկուց մնացած սովորություն։ 

Ջեմսիկը՝ Ստեփանավանի Կապի գործարանի փլատակների մոտ

Խումբը հասնում է Ստեփանավանի այգի կամ, ինչպես բնակիչներն են ասում, սադ (ռուսերեն сад՝ այգի բառից)։ Նոր ու գունավոր կարուսելներ են այգում․ դրանք եկել են փոխարինելու խորհրդային կարուսելներին։ Իսկ թե ինչով են փոխարինվել խորհրդային գործարաններն ու արդյունաբերական կյանքը, հենց այս հետազոտությամբ են գիտնականները փորձում հասկանալ։

Հետինդուստրիալ քաղաքների մասին հետազոտությունն իրականացվում է մի քանի փուլով՝ արխիվային նյութերի ուսումնասիրություն, հարցազրույցներ առանցքային տեղեկատուների հետ (տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գործարանների նախկին տնօրեններ ու աշխատակիցներ)  և նարատիվ հարցազրույցներ բնակիչների հետ, որոնք հիշում են խորհրդային շրջանն ու արդյունաբերական կյանքը։

Հարություն Վերմիշյանը հիշում է՝ երբ նոր էին թեման ընտրել, իրենց առաջ մեթոդաբանական կարևոր հարց դրեցին՝ տարբեր քաղաքների համեմատությամբ ընդհանրական պատկե՞ր են ուզում ստանալ, թե՞ պիտի ամեն քաղաք որպես մի առանձին դեպք ուսումնասիրեն։

«Վիեննայի գործընկերների հետ քննարկմամբ եկանք այն եզրահանգման, որ սրանք դեպքի ուսումնասիրություններ են (case study,- խմբ․)»,- ասում է գիտնականը։


Ստեփանավանում

Որպես հետազոտության օբյեկտ ընտրվեցին հետարդյունաբերական երեք քաղաքներ՝ Չարենցավանը, Ստեփանավանն ու Սիսիանը։ Այս ընտրությունը պատահական չէր։ 

Գիտնականները հետարդյունաբերական քաղաքների միջև ընտրություն կատարելիս մի շարք չափանիշներ սահմանեցին․ ե՞րբ է հիմնվել քաղաքը, ե՞րբ է քաղաքի կարգավիճակ ստացել, Երևանից ինչքա՞ն է հեռու, քանի՞ բնակավայր է ընդգրկում, միգրացիոն ի՞նչ ցուցանիշներ ունի, որքա՞ն է բնակչությունը, արդյո՞ք տուժել է երկրաշարժից, սահմանին ինչքա՞ն մոտ է։ Արդյունքում քաղաքների երեք խումբ ստացվեց, և ամեն խմբից մեկական քաղաք ընտրվեց՝ Չարենցավանը, որ մոտ է Երևանին, Սիսիանը, որ սահմանամերձ է, և  Ստեփանավանը, որ տուժել է 1988-ի երկրաշարժից։

«Սիսիանը փլուզումից հետո արդյունաբերական քաղաքից վերապրոֆիլավորվել է գյուղատնտեսականի, Չարենցավանի բոլոր գործարանները կան, ինչ-որ չափով, երբեմն՝ 100 տոկոսով, աշխատում են։ Ստեփանավանը փլուզվել է»,- ասում է Հարությունը։


Այն, ինչ մնացել է նախկին Կապի գործարանից 

Գլխավոր հարցերից մեկը, որին պիտի պատասխանեն գիտնականներն այս քաղաքների ուսումնասիրությամբ, հետևյալն է․ ինչո՞ւ է մի քաղաքն այս ուղին բռնել, մյուսը՝ այն։ 

Հարությունը նշում է, որ այս նպատակով իրենք տարածական մի քանի հատվածներ պիտի ուսումնասիրեն՝ ինդուստրիալ տարածություն (գործարաններ/գործարանների փլատակներ), բնակտարածություն, հանրային տարածքներ, բնություն (պոտենցիալ զբոսաշրջային վայրեր)։ Հենց այս տարածքների ուսումնասիրությունը ցույց կտա, թե ինչպես են փոխվել, կամ, Արամ Վարտիկյանի բնորոշմամբ, ծռմռվել քաղաքները։

Գիտնականներն արդեն հասցրել են ճանաչողական այցով շրջել Չարենցավանի փողոցներով։ Իսկ այժմ նրանք Ստեփանավանում են։

 

Միայն մի գիտակարգը բավարար չէ 

Բնակիչների հետ նարատիվ հարցազրույցներ անցկացնողների թվում է Նարինե Աբգարյանը։ Աշխարհագրագետ Նարինեի՝ սոցիոլոգների շրջապատում, այնուհետև թիմում հայտնվելու մեղավորը նրա հետաքրքրասիրությունն էր։

Այն, որ տարածքների ուսումնասիրությունը և, առհասարակ, գիտական հետազոտությունները պետք չէ սահմանափակել միայն մի գիտակարգով, Նարինեն հասկացավ աշխարհագրության ֆակուլտետում սովորելու տարիներին։

Կենտրոնում Նարինեն է

Ֆակուլտետ նա ընդունվել էր աշխարհագրության մասին միակողմանի պատկերացումներով։ Սակայն պարզվեց, որ աշխարհագրությունը միայն գետերի, մայրաքաղաքների ու ֆիզիկական տարածությունների մասին չէ․ ֆիզիկական աշխարհագրությունից բացի՝ կա նաև հասարակական աշխարհագրություն։ Որոշ ժամանակ անց էլ Նարինեն հանգեց այն մտքին, որ այս երկուսը տարանջատել պետք չէ։

«Գոյություն չունի հասարակական աշխարհագրություն առանց ֆիզիկական աշխարհագրության, և հակառակը, քանի որ փոխպայմանավորող գործոններ են․ տարածքը չես կարող ուսումնասիրել միակողմանի»,- ասում է նա։

Նարինեի մագիստրոսական թեզը վերաբերում էր Երևանում ծառայությունների բաշխման անհավասարությանը։ Թե ինչու են ծառայություններն անհավասար բաշխված, Նարինեն փորձեց հասկանալ աշխարհագրության դիտանկյունից, բայց զգաց, որ մի բան կիսատ է։ Հենց այդ կիսատը լրացնելու համար դիմեց սոցիոլոգների օգնությանը, սկսեց կարդալ դասական սոցիոլոգներին ու այդ դիտանկյունից ևս անդրադարձավ թեմային։

Երբ Նարինեն արդեն ասպիրանտուրայում էր, նրան սկսեցին դասավանդել Հարություն Վերմիշյանը, Արամ Վարտիկյանը, որոնք խորհուրդ էին տալիս՝ ինչ գրքեր կարդալ, պատասխանում նրա հարցերին։


Նարինեն՝ սոցիոլոգիայի ֆակուլտետում

Եվ այժմ, ասպիրանտուրային, փորձառական զբոսաշրջության վերաբերյալ դիսերտացիային և աշխարհագրության ֆակուլտետում դասավանդամանը զուգահեռ, Նարինեն Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիայում ուսումնասիրում է հետարդյունաբերական քաղաքները։

«Այս դեպքում ունենք սոցիոլոգիայի լեզու, ունենք աշխարհագրագրության լեզու, ունենք մարդաբանության լեզու։ Մենք կփորձենք մեր գիտությունների լեզուներով պատմել քաղաքների ու դրանց տրանսֆորմացիաների մասին»,- ասում է գիտնականը։

Դե իհարկե, այն, ինչ պակասում էր այս բազմաշերտ հետազոտությանը, մարդաբանությունն է։ 

Մարդաբան Մարիա Գունկոն Հայաստան տեղափոխվեց 2022-ին։ Մարիան ծնվել ու մեծացել է ռուսական փոքր քաղաքում, որտեղ տղաներն ինժեներ էին դառնում, աղջիկները՝ բժիշկ կամ ուսուցիչ։ Իսկ Մարիան ընտրեց աշխարհագրությունը՝ մասնագիտանալով հասարակական աշխարհագրության ուղղությամբ։

Ասպիրանտական տարիներին նրա ուսումնասիրության թեման դարձան հենց փոքր քաղաքները, որոնք, ըստ գիտնականի, հետազոտություններում մեծ քաղաքների համեմատ պակաս են ներկայացված։

Մարիա Գունկոն

2022-ին նա Օքսֆորդի համալսարանում սկսեց իր ասպիրանտական երկրորդ կրթությունը՝ այս անգամ մարդաբանության ուղղությամբ։ «Դատարկություն. ապրելով կապիտալիզմը և ժողովրդավարությունը հետխորհրդային շրջանից հետո» ծրագրի շրջանակում նա պետք է ուսումնասիրեր հետխորհրդային քաղաքներն ու դրանց տրանսֆորմացիաները։

Մարիայի ասպիրանտական հետազոտությունը քաղաքական տարրեր էր պարունակում․ տեղական ինքնակառավարման մարմինների հետ զրույցներ, ենթակառուցվածքների մասին հարցեր։ Բացի այդ՝ նա սովորում էր արևմտյան համալսարանում։ Հենց այս հանգամանքներն անհնարին դարձրին, որ գիտնականն իր հետազոտությունն իրականացնի պատերազմական Ռուսաստանում։

Հետազոտության համար հետխորհրդային այլ երկրների փնտրտուքը նրան բերեց մեր տածաշրջան։ Ի վերջո, Մարիայի ցանկում մնացին երկու պետություններ՝ Հայաստանը և Վրաստանը, որոնցից էլ նա ընտրեց Հայաստանը՝ մտածելով, թե հայերեն սովորելն շատ ավելի հեշտ է լինելու։

Այստեղ, իհարկե, ինչպես Մարիան է նշում, ամեն բան շատ խճճված է։ Գիտնականը հիշում է Նյու Յորքի համալսարանի մարդաբան Բրյուս Գրանտի խոսքերը․ «Անհնար է ուսումնասիրել ողջ Կովկասը․ պետք է կենտրոնանաս կա՛մ որևէ դարաշրջանի, կա՛մ որևէ լեզվի, կա՛մ որևէ կրոնի, կա՛մ էլ որևէ գյուղի վրա: Որովհետև եթե փորձես ամեն ինչ ընդգրկել, պարզապես կխելագարվես»։

Այսպիսով, հայաստանյան փոքր քաղաքներից մեկում Մարիան սկսեց իր հետազոտությունը։ Այդ ընթացքում Սոցիոլոգիայի ֆակուլտետից հրավեր ստացավ միանալու նոր ստեղծվող Տարածքային ուսումնասիրությունների ու զարգացման լաբորատորիային։ Այդպես նա դարձավ թիմի անդամ։

Մարիան նշում է՝ հետարդյունաբերական քաղաքների ուսումնասիրության մեջ ինքն այն մարդն է, որն այս քաղաքներին նայելու է դրսի աչքերով։

«Իսկապես հետաքրքիր է մարմնավորել այդ օտարականին, գտնվել մի տեսակ լիմբոսում։ Մի կողմից՝ դու մեկն ես, ով ինչ-որ բան գիտի և մի փոքր տիրապետում է լեզվին՝ այդպիսով արժանանալով մարդկանց հարգանքին: Բայց մյուս կողմից՝ դու դեռևս օտարական ես, երբեք չես դառնա մերոնցական, այնպես որ քեզ թույլատրված է «հիմար» հարցեր տալ։ Գուցե կա ինչ-որ բան, որ տեղացի գիտնականը չի հարցնի, ոչ միայն որովհետև դա ակնհայտ է, այլ նաև կարող է անհարմար զգալ նման հարց տալուց: Իսկ ես կարող եմ ասել՝ բացատրե՛ք ինձ պարզ բառերով, ես չեմ հասկանում, ես տեղացի չեմ: Եվ սա, իսկապես, հետաքրքիր է․ ինչ-որ առումով քեզ երեխա ես զգում»,- ասում է գիտնականը։


Մարիայի նոթատետրը

Հարցին, թե ինչպես են ընթանում հայերենի դասերը՝ Մարիան պատասխանում է․ «Կամաց-կամաց»։

Հայերեն սովորելուն զուգահեռ նա իր ուսուցչի օգնությամբ հայկական պոեզիա է ընթերցում։ Հիշում է՝ ամեն բան սկսվեց Չարենցի ծննդյան օրը «Կապուտաչյա հայրենիք»-ը կարդալուց։ Դե իսկ հետո նա ծանոթացավ Տերյանին, որի «Մոռանալ» բանաստեղծությունն ու «Դինջիս» խմբի համանուն երգը դարձան ամենասիրելիներից։ Այժմ Մարիան ընթերցում է Թումանյանի հեքիաթները։

«Կարծում եմ՝ հայերենը ամենագեղեցիկ լեզուներից մեկն է աշխարհն ընկալելու մոտեցումների առումով: Օրինակ՝ «համբուրել» բառը՝ «համ» և «բույր»․ սա այնքա՜ն գեղեցիկ ձև է նկարագրելու համբույրը: Կամ «հուսալքվածություն»․ դու, կարծես, մնացել ես առանց հույսի․․․ Ես հայերենը սովորում եմ՝ բառերի ստուգաբանությունները հասկանալով»,- ասում է գիտնականը։

Ապա ցույց է տալիս իր նկարները, որ արել է դաշտային աշխատանքների ժամանակ՝ Ստեփանավանում ու այլ քաղաքներում շրջելիս։ Դրանց կողքին երբեմն նաև հայերեն գրություններ են հանդիպում։ Սովորաբար, հենց շրջապատն ուշադիր զննելով ու նկարելով և մարդկանց հետ առօրյա զրույցներով է Մարիան սիրում դաշտային աշխատանքների ժամանակ տեղեկություններ հավաքել։

 

***

Երեկո է։ Ձորի էն կռից վերադարձողների խումբը միանում է էս կուռը մնացածներին։ Ստեփանավանում դաշտային առաջին աշխատանքն ամփոփվում է։ Դաշտային աշխատանքները շարունակվելու են․ գիտնականները դեռ պիտի այցելեն Սիսիան, վերադառնան Չարենցավան ու Ստեփանավան։ Իսկ հավաքած տվյալների ամփոփումից հետո նրանք կանցնեն դրանց մշակմանն ու վերլուծությանը՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այս քաղաքները կարող են ունենալ կայուն զարգացում։

 

Հեղինակ՝ Աննա Սահակյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Սարգիս Խարազյանի
Մոնտաժը՝ Ռոման Աբովյանի

 

«Լաբորատորիայից ներս» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։

   

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել