Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպան Լի Սինվեյին
14:02 - 12 մայիսի, 2025

Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում. Միրզոյանը՝ դեսպան Լի Սինվեյին

2025 թ. մայիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը: «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական ու այլ ոլորտներում փոխգործակցության առումով, և ես մեծապես կարևորում եմ առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:

Անդրադարձ է կատարվել միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցության հարցերի։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս՝ անորոշություններով, բայց և միաժամանակ հնարավորություններով լի ժամանակաշրջանում փոխշահավետ գործընկերությունների զարգացման կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Լի Սինվեյը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացմանն առնչվող հարցեր, ինչի համատեքստում նշվել է ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել