civilnet.am: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր երկու պաշտպաններից՝ Արսեն Սարդարյանից և Անդրանիկ Մնացականյանից՝ վստահության պակասի հիմքով։ Այս մասին հայտնի դարձավ մայիսի 16-ին «Դ20 դիվիզիոնի» գործով Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցած նիստի ընթացքում, որտեղ քննվում էր նրա ազատազրկման դատավճռի բողոքը։
Հարությունյանի խոսքով՝ առաջին ատյանի դատավարության ժամանակ իր պաշտպանները համոզել են, թե ռազմական փորձագիտական եզրակացությունը բավարար է, դատաքննության ամբողջ ծավալով իրականացումը նպատակահարմար չէ։ Սակայն, արդյունքում, դատարանը նրան դատապարտել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։ «Ես վստահել եմ պաշտպաններիս և հրաժարվել որոշ կարևոր միջոցառումներից, իսկ հիմա այս ամենի հետևանքով դատապարտվել եմ», – հայտարարեց նա։
Դատախազ Դավիթ Նավասարդյանը վերապահումով մոտեցավ պաշտպաններից հրաժարվելու հիմնավորումներին՝ պնդելով, թե դա կարող է լինել դատավարությունը ձգձգելու նպատակով։ Նա մասնավորապես նշեց, որ բողոքը ներկայացվել է ուշ, և որ պաշտպանի ընտրության հարցը կարելի է լուծել շատ ավելի կարճ ժամանակում։
Զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայր Արմեն Ասրյանը նիստի ժամանակ համակարծիք է եղել դատախազի հետ․ «Այս մարտավարության նպատակն է ձգձգելով հասնել նրան, որ մեղադրյալները ազատվեն քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Սա կարող է ծնողների վրա շատ ծանր բարոյահոգեբանական ազդեցություն ունենալ»։
Դատարանը, սակայն, ընդունեց, որ պաշտպաններից հրաժարվելը մեղադրյալի օրինական իրավունքն է, և որոշեց նրան տրամադրել հայցվող երեք շաբաթի փոխարեն երկու շաբաթ ժամանակ՝ նոր փաստաբան ներգրավելու նպատակով։
Նիստի ընթացքում Ջալալ Հարությունյանը նաև մտահոգություն հայտնեց հանրային մեղադրողի անաչառության վերաբերյալ՝ պնդելով, թե դատախազը միակողմանի է ներկայացնում գործը և ուշադրություն չի դարձնում կարևոր վկայությունների վրա։ Դատարանը տեղեկացրեց, որ դատախազին բացարկ տալու համար անհրաժեշտ է ներկայացնել գրավոր միջնորդություն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարը՝ Սիվիլնեթի։
comment.count (0)