Սումիում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 4 մարդ
11:24 - 17 մայիսի, 2025

Սումիում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 9, վիրավորվել՝ 4 մարդ

Մայիսի 17-ի վաղ առավոտյան Ռուսաստանի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Սումիի մարզում զոհվել է ինը քաղաքացի, ևս չորսը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնում է The Kyiv Independent լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել է Սումիի մարզային ռազմական վարչակազմը՝ Telegram-յան գրառմամբ։

Հարձակման թիրախում է եղել քաղաքացիական ուղևորափոխադրող մի միկրոավտոբուս, որը տեղաշարժվում էր Բիլոպիլյա քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 06:17-ին։

Սումիի մարզը գտնվում է Ուկրաինայի հյուսիսարևելքում՝ սահմանակից Ռուսաստանի Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններին։

Բիլոպիլյայի համայնքապետ Յուրի Զարկոն դեպքը անվանել է «քաղաքի պատմության սև շաբաթ օրը» և մայիսի 17-ից 19-ը հայտարարել է եռօրյա սուգ։

«Այս ավտոբուսը տարհանման նպատակով մարդկանց էր դուրս բերում քաղաքից։ Վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերվել է դեպքի վայրում, այնուհետև տեղափոխվել են Սումիի հիվանդանոց։ Այժմ շարունակվում է զոհվածների մարմինների դուրսբերումը։ Որոշ զոհեր դեռ նույնականացված չեն։ Նրանց մեծ մասը տարեց կանայք են, ինչպես նաև երկու կամ երեք տղամարդիկ», – ասել է Բիլոպիլյայի համայնքապետը։

Տեղում աշխատում են փրկարարական ծառայություններն ու ոստիկանությունը

Լուսանկարում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասված քաղաքացիական միկրոավտոբուսն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել