civilnet.am: Կառավարությունը մայիսի 22-ին հաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագիծը՝ զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը պահանջում է տեխնիկական լրացումներ։ Նրա խոսքով, կան նաև բովանդակային փոփոխություններ։
«Կրճատ ժամկետով ծառայությունը սահմանել՝ մեկ ամսվա դեպքում՝ 24 մլն դրամ, չորս ամսվա դեպքում՝ 18 մլն դրամ։ Յուրաքանչյուր զորակոչի վերաբերյալ կառավարության որոշման մեջ սահմանել զորակոչին համապատասխան՝ կրճատ ժամկետով ծառայության դիմումների առավելագույն քանակը և կարգը։ Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32 տարեկանը»,- ասաց նախարարը։
Գերատեսչությունն առաջարկում է նաև «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ հօգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։ Նախարարը նշեց, որ Հայկ Սարգսյանը համաձայն է առաջարկվող փոփոխություններին։
Նա հավելեց, որ նախագծի նպատակն է համալրել զինված ուժերը։ Պապիկյանի խոսքով՝ նույնիսկ մեկ ամիս ծառայած երիտասարդը տիրապետելու է զենքին և ընդգրկվելու է պահեստազորում։
Նախագիծը դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Դրա ամբողջական ընդունումը կախված է խորհրդարանի դիրքորոշումից։
comment.count (0)