ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր գողության մասին՝ նշելով, որ հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար։ Ըստ նույն աղբյուրի՝ անձը շենք մուտք է գործել քննիչի կեղծ անցագրով։
comment.count (0)