ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ԺՊ կընտրեն. որքա՞ն ձայն պետք է նա ստանա |shantnews.am|
08:50 - 30 մայիսի, 2019

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի ԺՊ կընտրեն. որքա՞ն ձայն պետք է նա ստանա |shantnews.am|

shantnews.am։ Այսօր ԵՊՀ-ում՝ ժամը 15-ին կայանալու է Հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստի օրակարգում երկու հարց է՝ մայիսի 23-ին հրաժարական տված ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի ընդունումն ու ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը և այլն:

Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմից Հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումները, այնուհետև նրանցից 8 հոգու հաստատում է ԵՊՀ գիտական խորհուրդը:

Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա Հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 2018 թ. դեկտեմբերի 28-ի N 1690-Ա որոշմամբ:

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:

Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։

2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ով կարող է ընտրվել ռեկտոր.
Ըստ ԵՊՀ կանոնադրության՝ պարտադիր է դոկտորի գիտական աստիճան ունենալ: Նույն անձը երկու անգամից ավելի անընդմեջ չի կարող ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ընտրությունը կատարվում է բաց մրցույթի միջոցով, բայց գաղտնի քվեարկությամբ:

Ռեկտորի պաշտոնում ընտրվում է այն թեկնածուն, որը հավաքում է խորհրդի՝ ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայները: Այսինքն՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից առնվազն 17-ն իրենց ձայները պետք է տան այդ թեկնածուի օգտին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել