ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվեց
13:02 - 29 մայիսի, 2025

ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվեց

Ավելի քան հինգուկես տարվա քննությունից հետո ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանն արդարացվեց: Երևանի քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Սանասարյանի վերաբերյալ դատավճիռը՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը հանցակազմի բացակայության հիմքով:

Դատավճռի հրապարակմանը դահլիճում գտնվող քաղաքացիները արձագանքեցին ծափահարությամբ։

Դատավորը Սանասարյանին տեղեկացրեց, որ նա իրավունք ունի դիմելու դատարան՝ այս տարիների ընթացքում իրեն պատճառված վնասի հատուցման պահանջով: Միաժամանակ նա հավելեց, որ վարույթի ընթացքը ձգձգվել է նաև Սանասարյանի պատճառով․ «ԱՄՆ էիք գնացել, հետո գնում էիք ԱԺ՝ ինչ-որ նիստերի, խնդրում էիք հետաձգել, այնպես որ Ձեր վերջին խոսքում, որ ասացիք՝ այսքան տեւեց գործի քննությունը, Ձեր մեղքով է այդքան տեւել»։

Դավիթ Սանասարյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ՝ նա, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Սանասարյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Նույն գործով մեղադրյալ են եղել նաև ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը եւ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականանցող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Նշենք, որ դա համարվում է չարդարացնող հիմք։

Ըստ քրեական գործի նյութերը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի՝ այդ ժամանակվա պաշտոնակատար Սամվել Ադյանը, որ ունեցել է պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի հետ միասին, նախնական համաձայնությամբ եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ են օգտագործել իրենց պաշտոնեական դիրքը։ 

Մասնավորապես, 2018-2019 թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին՝ պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ՝ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետեւանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:

Այս գործընթացում նրանց օժանդակելու համար էլ մեղադրվել է «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականանցող Տարոն Ավետիսյանը, որը, ըստ մեղադրանքի, հանդիսացել է Սամվել Ադյանի մտերիմ ընկերը։

Սանասարյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ չի եղել Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ ենթադրյալ կապի մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել