Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում
 |azatutyun.am|
17:02 - 29 մայիսի, 2025

Ինչո՞ւ է Ֆրանսիան գլխավոր հյուպատոսության փոխարեն Սյունիքում պատվո հյուպատոսի գրասենյակ բացում |azatutyun.am|

azatutyun.am: Երկուշաբթի Գորիսում կբացվի Հայաստանում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը: Պատվո հյուպատոսը ազգությամբ հայ է՝ Կարմեն Ափունցը: Նա Գորիսի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի տնօրենն է: Թե ինչո՞ւ է պաշտոնական Փարիզը որոշում կայացրել Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսարան, դեռևս պարզ չէ: Իրանը Կապանում դեռևս 2022-ին բացեց հենց գլխավոր հյուպատոսություն:

Պատվո հյուպատոսի գրասենյակը գլխավոր հյուպատոսությունից շատ ավելի ցածր կարգավիճակ ունի և որպես կանոն քաղաքական գործառույթներ չի իրականացնում, օժտված չի անձեռնմխելիությամբ: Պատվո հյուպատոսի գրասենյակը հիմնականում հումանիտար, մշակությային գործառույթներ ունի և կարող է որոշ դեպքերում մատուցել հյուպատոսական ծառայություններ, բայց դա արդեն նշանակող երկրի որոշմամբ:

Այն, որ Ֆրանսիան մտադիր է Սյունիքում հյուպատոսություն բացել, դեռևս 2023 ին հայտարարել էր արտգործնախարար Քեթրին Կոլոնան: «Ֆիգարոն», անդրադառնալով Փարիզի այս որոշմանը, այն ժամանակ գրել էր, թե Ֆրանսիան ցանկանում է կանխել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի հարավի վրա, և Բաքվին այդ քայլից ետ պահելու և Երևանին իր աջակցությունը ցույց տալու համար Կոլոնան հայտարարել էր Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին:

Օրերս Հայաստան կատարած այցի ընթացքում Ֆրանիսայի արդեն ներկայիս արտգործնախարար Ժան-Նոել Բարոն խոսել էր Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալություն բացելու մասին: Հյուպատոսական գործակալությունը դարձյալ ավելի բարձր կարգավիճակ ունի, քան պատվո հյուպատոսի գրասենյակը:

«Շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա»

Իշխանական պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում չանդրադաձավ հարցին, թե ինչու է որոշվել ի վերջո գլխավոր հյուպատոսության փոխարեն բացել պատվո հյուպատոսի գրասենյակ: Բայց վստահեցրեց՝ այն կարևոր ազդեցություն կունենա Սյունիքի համար:

Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում հյուպատոսություն բացելու շուրջ քննարկումները ֆրանսիական կողմի հետ սկսվել էին 2022-ի սեպտեմբերից հետո, երբ ադրեջանական զինուժը հարձակվեց Սյունիքի վրա:

«Այդ ժամանակահատվածից սկսած այդ խոսակցությունները, բանակցությունները ընթանում են, որ Ֆրանսիան ունենա հյուպատոսարան Գորիս քաղաքում, որը շատ կարևոր է և դրական ազդեցություն կունենա ընդհանուր միջավայրի վրա», - ասաց ՔՊ-ական պատգամավորը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել