Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի
10:23 - 30 մայիսի, 2025

Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով եպիսկոպոսների կուսակրոնության ուխտին.

  • «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»:
  • «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»:
  • «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»:
  • «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»:

Երեկ՝ փետրվարի 29-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ պետական մարմինների կողմից պետական գույքը վարձակալելուն ուղղված օրենքի նախագծի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում եկեղեցիների վիճակին՝ նշելով. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: [...] Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները»:

Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք սպասավորներ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է՝ եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված: 

Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան էլ գրել էր. «Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է»:

Անդրադառնալով Փաշինյանի գրառումներին՝ այսօր գրառում է կատարել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Մայր Աթոռի դեմ «հարձակումները» վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն:

«Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել՝ պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ:

Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց:

Իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:

 

Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / 29.09.2024, Մայր տաճարի բացման արարողություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել