Վերաքննիչում գործի քննությունը ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս․ նախարար
 |civilnet.am|
12:42 - 12 հունիսի, 2025

Վերաքննիչում գործի քննությունը ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս․ նախարար |civilnet.am|

civilnet.am: Վերաքննիչ քրեական դատարանում գործի քննության ողջամիտ ժամկետ է ներդրվում։ Համապատասխան նախագիծը հաստատվեց կառավարության հունիսի 12-ի նիստին։

«Կանոն է սահմանվում, որ գործի քննությունը ցանկացած դեպքում լինի 6 ամիս, երկարաձգելու հնարավորությամբ՝ դառնալով 10 ամիս։ Այլ հարց է, թե ինչ տեղի կունենա, եթե գործը ավելի ձգվի։ Նման իրավիճակներում գործի քննության հետ կապված որևէ բան տեղի չի ունենա: Ժամկետի սպառումը չի ենթադրի, որ քրեական գործի քննությունն այդ փուլում կավարտվի: Դատարանը միևնույն է որոշում կայացնի՝ այսինքն, կողմերի համար նշանակություն չի ունենա: Միաժամանակ դատավորի համար միանշանակ կունենա նշանակություն կարգապահական պատասխանատվության տեսքով»,- ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրահանգեց, որ պետք է շատ ծանրակշիռ հիմնավորում լինի, թե ինչու է տասը ամսից ավելի տևել դատավարությունը:

«Եթե չկա այդ շատ ծանրակշիռ հիմնավորումը, դա արդեն կարգապահական պատասխանատվության հիմք է»,- ասաց վարչապետը, իսկ նախարար Գալյանը պարզաբանեց, որ սկզբունքը հետևյալն է՝ ցանկացած դեպքում պետք է տևի վեց ամիս:

«Ծանրակշիռ հիմնավորումը պատճառաբանված որոշման տեսքով պետք է լինի, որպեսզի ևս չորս ամիս գործի քննությունը երկարացվի: Եթե նույնիսկ այդ որոշումը պատճառաբանված չլինի, հնարավոր է կրկին առաջանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ամփոփեց Գալյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել