ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա և կոչ արել՝ «դադարեցնել թշնամական գործողությունները»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի X սոցիալական հարթակում տարածած հայտարարությունից։
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խոր մտահոգություն է առաջացնում։ Այն հատկապես վտանգավոր է բանակցային հաջորդ փուլի նախաշեմին, քանի որ սպառնում է ոչ միայն խաղաղ գործընթացին, այլև տարածաշրջանային կայունությանը և գլոբալ խաղաղությանը։
Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները ու հետևել միջազգային իրավունքի նորմերին», - նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։
Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
comment.count (0)