ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իրանին Իսրայելի հարվածից հետո |armenpress.am|
14:04 - 13 հունիսի, 2025

ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմին Իրանին Իսրայելի հարվածից հետո |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն չի կարծում, թե աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, ուր նա ժամանել է Բիլդերբերգյան ակումբի հանդիպմանը մասնակցելու համար:

Ռյուտեին հարց են ուղղել՝ արդյոք աշխարհը մոտեցել է միջուկային պատերազմի Իրանին Իսրայելի հարվածից հետո:

«Ոչ, ոչ, մենք դրան չենք հասել: ՆԱՏՕ-ի բոլոր երկրներն արդեն աշխատում են ապաէսկալացման ուղղությամբ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Իրանին հարվածն Իսրայելի միակողմանի գործողությունն է, ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում ապաէսկալացմանը։

«Դա միակողմանի ակցիա է Իսրայելի կողմից: ՆԱՏՕ-ի դաշնակիցները և առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, պետք է նպաստեն ապաէսկալացմանը, և ես գիտեմ, որ նրանք արդեն դա անում են», - ասել է Ռյուտեն՝ պատասխանելով Իրանին Իսրայելի ավիահարվածի մասին հարցին:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։ 

Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել