Փոխնախարար Կոստանյանի այցն Անկարա հայ-թուրքական կարգավորման շրջանակներում էր. Ռուբինյան
 |azatutyun.am|
14:43 - 17 հունիսի, 2025

Փոխնախարար Կոստանյանի այցն Անկարա հայ-թուրքական կարգավորման շրջանակներում էր. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, խորհրդարանում լրագրողներին հայտնեց կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

«Գիտեք, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում կան շփումներ, տարբեր նախարարների մակարդակում», - ասաց ԱԺ փոխխոսնակը:

Կոստանյանը նախօրեին Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջի հետ քննարկել էր տարածաշրջանային հարցեր, երկկողմ օրակարգը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ Ռուբեն Ռուբինյանը չներկայացրեց:

Ինչ վերաբերում է առաջիկայում վարչապետի Թուրքիա մեկնելուն, ապա նա հորդորեց սպասել կառավարության պաշտոնական հաղորդագրությանը:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չէր բացահայտել:

Ռուբեն Ռուբինյանը նաև ասաց, որ այս պահին իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդեր Քըլըչի հանդիպման համար հաստատված ժամկետ չկա: Վերջին անգամ բանագնացները հանդիպել էին ապրիլին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել