Վերջին մեկ շաբաթվա ընթացքում համացանցում տարածվեց Եղվարդ քաղաքում «ԱրմՕյլ» գործարանի կառուցումն ու գործունեությունը ներկայացնող տեսանյութ։ Վերջինիս ընթացքում ներկայացվում էր վերոնշյալ գործարանի վնասները հարակից այգիներին և տարածաշրջանում ծավալվող գյուղատնտեսությանը։
Տեսանյութի հրապարակումից հետո Slaq.am կայքը պատրաստեց հերքող հարցազրույց՝ «ԱրմՕյլ» գործարանի տնօրեն Ալֆրեդ Աբեդիի մասնակցությամբ։ Նշենք, որ Slaq.am կայքը պատկանում է 2018 թվականի դեկտեմբերին կայացած ԱԺ ընտրություններին Հանրապետական կուսակցության ցուցակով առաջադրված Մենուա Հարությունյանին։
Մեր լրագրողական թիմը որոշեց ուսումնասիրել «Արմօյլ» ՓԲԸ-ի ստեղծման պատմությունն ու փաստաթղթերը, որոնց արդյունքները կներկայացնենք ստորև։
Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում «Արմօյլ» ՓԲԸ-ն ի սկզբանե (2015թ․՝ ըստ փաստաթղթի) պետք է կառուցեր դիզելային վառելիքի պահեստարաններ և այդ պահեստարանները կառուցելու համար 1361 քմ տարածքի շինարարական թույլտվություն է ստանում։
Այստեղ հարկ է նշել, որ Ալֆրեդ Աբեդին Slaq.am-ի հետ վերոնշյալ հարցազրույցում ապատեղեկատվություն է տարածում՝ ասելով, թե «ԱրմՕյլ» ՓԲԸ–ի հիմնադրման ժամանակ հարակից տարածքներում ոչինչ չի եղել։
Ստորև ներկայացնում ենք հարակից տարածքում գործող այլ ձեռնարկությունների՝ հիմնադրման տարեթվերով՝ ըստ պետական ռեգիստրի տվյալների։
Տեղի արտադրամասերը իրենց համաձայնությունը տվել էին «ԱրմՕյլ» ՓԲԸ–ի վերոհիշյալ բացատրության հիման վրա, և, ենթադրաբար, այնպիսի պահեստի համար որը շրջակա միջավայրին վնաս չէր կարող հասցնել։ Երբ դեռ «ԱրմՕյլ» ՓԲԸ–ի նպատակը միայն յուղի պահեստային գործարան ստեղծելն էր, տարածքում գործող այլ արտադրամասեր համաձայնվեցին, որպեսզի 1361 քմ օրինական թույլտվությամբ տարածքի վրա կառուցվի յուղի արտադրման գործարան։ Ստորև ներկայացնում ենք հարակից արտադրամասերի կողմից տրված համաձայնությունների բնօրինակները։
2017 թվականին «ԱրմՕյլ» ՓԲԸ-ն որոշեց կառուցել բիտումի և քսայուղերի պահեստավորման և յուղերի տարալցման գործարան՝ իր ներկայացրած հայտում նշելով, որ շինարարության տարածքը չի գերազանցում 1500 քմ։ Այսինքն, ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նավթավերամշակման գործարանը քաղաքաշինական կառույց չէ: Սույն օրենքի 14-րդ հոդածի 4-րդ մասի 3-րդ կետի բ) ենթակետը սահմանում է, որ նավթավերամշակման արտադրությունը քիմիական արդյունաբերության ուղղություն է և ենթակա է փորձաքննության: Հիշեցնենք, որ ՇՄԱԳ-ն իրականացվում է մինչ շինության կառուցումը։ Ստորև ներկայացնում ենք «Արմօյլ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից 2017 թվականին ներկայացված բացատրությունը գործարանի ծավալած աշխատանքների վերաբերյալ։
2017 թվականի վերջին ակնհայտորեն երևում էր, որ շինության նշված չափերը չեն համապատասխանում իրականությանը, և 1361 քմ-ի համար շինարարական թույլտվություն ստացած և ՇՄԱԳ-ի չենթակա պահեստի փոխարեն կառուցվել է ավելի քան 26 586 քմ տարածք ընդգրկող գործարան՝ առանց որևէ թույլտվության։ Տեղանքի հատակագիծը ներկայացնում ենք ստորև։
Կազմակերպության կայքում ևս նշված էր, որ նավթամթերի վերամշակման գործարան է բացվելու, սակայն վերոնշյալ տեսանյութից հետո կայքը խմբագրվել է։ Կայքի նախկին տեսքը ներկայացնում ենք ստորև։
Տեղի բնակիչները ինչպես նաև հարևան արտադրամասերի տերերը հասկանալով, որ այստեղ իրականում ոչ թե պահեստ այլ հսկա շինության հիմք է փորվել, սկսեցին նամակներ հասցեագրել տարբեր պատական հիմնարկներ՝ ահազանգելով ապօրինի շինության մասին, որպեսզի իմանան, թե ինչ է կառուցվում իրականում։ Կից կարող եք տեսնել 2017 թվականի հոկտեմբերի 10-ին մարդու իրավունքի իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրությունը՝ ի պատասխան բնակիչների բողոքին։
2018 թվականի դեկտեմբերի 17-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «ԱրմՕյլ» ՓԲԸ–ին պարտավորեցրեց դադարեցնել շինարարությունը։
Սակայն ընկերությունը, անտեսելով օրենքի պահանջը, շարունակեց շինարարությունը և վերջացրեց կառուցապատումը։ Ավելին՝ «ԱրմՕյլ» ՓԲԸ–ն բողոքարկեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերոնշյալ՝ 020 որոշումը։ Այս մասով դատական նիստը նշանակված է 2019 թ հոկտեմբերի 24-ին։
2019 թվականի մարտի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունը ևս պարտավորեցրեց «ԱրմՕյլ» ՓԲԸ–ին՝ դադարեցնել շինարարական աշխատանքները։
Սակայն, մինչ այժմ «ԱրմՕյլ» ՓԲԸ-ն շարունակում է աշխատել՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի առկայության և չարձագանքելով պատկան մարմինների որոշումներին։
«ԱրմՕյլ» ՓԲ ընկերության նկատմամբ վարույթների շրջանակներում ընդունված որոշումների վերաբերյալ առավել մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու համար ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկանք:
Ռոզա Կաճեթցի
comment.count (0)