Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ հետ է վերցրել Կարապետյանի կալանքի որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքը, քանի որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որի անաչառության հարցում պաշտպանն ունի լուրջ կասկածներ։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի շինծու, քրեական վարույթով ակնհայտ ապօրինի կալանքի որոշումը, 2025-ի հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան»,- հայտարարել է Ֆերոյանը։
Նրա խոսքով՝ գործի նյութերը «աննախադեպ արագությամբ», իր ենթադրությամբ՝ ապօրինի միջամտությունների հետևանքով, փոխանցվել են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվել դատավոր Արմեն Դանիելյանին։
«Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորն է, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ում նկատմամբ արդարադատության ընկալումը բացակայում է, ուստի վստահորդիս հետ քննարկման արդյունքում որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը»,- նշել է փաստաբանը։
Նա հայտնել է նաև, որ համապատասխան դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։
Փաստաբանական խումբը փաստում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն ավարտման փուլում են:
«Սամվել Կարապետյանի կալանքի որոշմամբ նրա իրավունքների ոտնահարման հարցը՝ ՄԻԵԴ բողոքարկելիս սպառման ենթակա են միայն այն ներպետական միջոցները որոնք արդյունավետ են, իսկ տվյալ գործով ներպետական միջոցների արդյունավետությունն ամբողջությամբ բացակայում է, իսկ փաստաբանական խմբի կողմից անհրաժեշտ նախապատրաստական գործողությունները Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու ուղղությամբ գրեթե ավարտին են հասցվել։ Դրա մասին իրազեկում կտրամադրվի լրացուցիչ»,- հայտնել է փաստաբանը։
Հունիսի 17-ին Հայաստանի իշխանությունները Սամվել Կարապետյանին մեղադրանք են առաջադրել իշխանության զավթման փորձի հոդվածով և նրան երկու ամսով կալանավորել։
Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը սկսբեց այն բանից հետո, երբ նա եկեղեցուն աջակցություն էր հայտնել՝ նշելով․ «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։
Նիկոլ Փաշինյանը կոշտ գրառումներով էր արձագանքել գործարարի հայտարարությանը՝ նշելով․ «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։
comment.count (0)