Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ
10:11 - 27 հուլիսի, 2019

Հուլիսի 29-ի չվերթով Հուրգադայից ՀՀ վերադառնալու՝ Եգիպտոսի դեսպանատան կոչը վերաբերում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։

«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարել էր, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։ «Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։

Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։

ՀՀ դեսպանության թեժ գիծ.
+201207050580»,- ասվում էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ A&R Tour օպերատորի փաթեթներով Եգիպտոսի Հուրգադա քաղաք մեկնած ՀՀ քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով։ Հուլիսի 26-ին նրանք ուղևորները Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով վերադարձան Հայաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել