news.am: Դամասկոսում ՀՀ դեսպանատունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ դեսպանատունը մշտական կապի մեջ է Սիրիայի հյուսիսում հայկական համայնքի հետ: Նա նշեց, որ եթե հայրենակիցները ցանկություն հայտնեն լքել շրջանը, ապա նրանց օգնություն կցուցաբերվի:
«Օպերատիվորեն տեղեկատվություն ենք ստանում: Սիրիայի հյուսիսում այժմ մոտ 3 հազար հայ է բնակվում: Հայաբնակ շրջանում զինված բախումների մասին տեղեկություններ դեռեւս չկան»,- նշեց ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունները քննարկում են Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարցը, Աննա Նաղդալյանը նշեց. «Տարբեր տարբերակներ եւ իրադարձությունների զարգացման սցենարներ են քննարկվում, թե ինչպես օգնել հայրենակիցներին եւ Սիրիայի խաղաղ բնակչությանը: Սակայն ձեր նշած սցենարը չի քննարկվում»:
comment.count (0)