Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից |panarmenian.net|
13:49 - 24 հոկտեմբերի, 2019

Աննա Նաղդալյան. Հայաստանի ԱԳՆ-ն գրություն չի ստացել ՌԴ-ից |panarmenian.net|

panarmenian.net: Այս պահի դրությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ից որևէ գրություն չի ստացել: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե ստացել է ԱԳՆ-ն բողոքի նոտա՝ կապված ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի հետ:

Աննա Նաղդալյանը նաև նշեց, որ կախված գրության բնույթից և հասցեատիրոջից՝ դրանք համապատասխանաբար փոխանցվում են հասցեատիրոջը կամ մնում ԱԳՆ-ում: Այս դեպքում՝ ԱԳՆ-ն որևէ գրություն չի ստացել:

Հոկտեմբերի 24-ին ՌԻԱ Նովոստին տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա կհղի Հայաստանին ORSIS ընկերության մասնակցությամբ զենքի վաճառքի մրցույթի չեղարկման պատճառով: Հրապարակման մեջ նշվում էր, որ բողոքի նոտայում գրված է, թե ORSIS-ը առանց պատճառի հայտնվել է ՀՀ զինված ուժերի «անբարեխիղճ մատակարարների» ցուցակում:

2019 թվականի օգոստոսին ORSIS ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը մի քանի միլիոն դոլարի զենքի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «Ծառայությանն անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այս լուրը հաստատել է նաև հայկական կողմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել