RElection նախագծի շրջանակներում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով զրուցել ենք «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական թիմի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանի հետ։
- ԱԺ-ում քննարկումներ են սկսվել, և այդ քննարկումների հիմնական նպատակը «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներն են։ Այն փոփոխությունները, որոնք կատարվելու են Ընտրական օրենսգրքում, վերաբերելու են կուսակցություններին։ Արդյո՞ք ճիշտ ժամանակը չէ միանգամից բարեփոխումներ նախաձեռնել նաև Ընտրական օրենսգրքում։- Նման խնդիր դեռ վաղուց էր առաջացել, և բավականին երկար գործընթաց էր սկսվել դեռ անցած տարի, որը, ցավոք սրտի, տապալվեց, և անցած տարվա խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվեցին նախորդ՝ 2016 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքով։
Բայց ասեմ՝ բավականին քննարկումներ եղել են, և առաջարկություններն ընտրական օրենսգրքում եղել են ավելին, քան միայն «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանափակված դրույթների փոփոխությունները, ծավալները բավականին մեծ էին։
- Համազասպ Դանիելյանը, որը համակարգում է ԱԺ-ում աշխատանքները, ասում է, որ առաջնահերթ է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություներ կատարելը, բուն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը հետձգվում է։ Եթե հիմա Կուսակցությունների մասին օրենքը փոփոխում են, այդ գործընթացը մեկնարկել է, ինչո՞ւ չփոխել նաև Ընտրական օրենսգիրքը։
- Ես համաձայն եմ և ուզում եմ կարևորել, որ Ընտրական օրնենսգրքի փոփոխությունը բավականին կարևոր է, որովհետև ընտրությունների ժամանակ՝ և՛ դիտորդական առաքելությունների ընթացքում, և՛ քննարկումներում վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք անհրաժեշտություն ունեն փոփոխությունների, որպեսզի մինչև մյուս ընտրություններ մենք ունենանք այն Ընտրական օրենսգիրքը, որի վերաբերյալ թե՛ հասարակական կազմակերպությունների մեծամասնությունը, թե՛ պետական մամիններն ունեն որոշակի համաձայնություն։
Այս մասով ուզում եմ ընդգծել, որ մինչև հաջորդ համապետական ընտրությունները ընտրական գործընթացներ տեղի են ունենալու Հայաստանում․ եկող տարի սպասում ենք ըտրություններ Գյումրիում և Վանաձորում, որոնք էլի կուսակցական ցուցակներով են լինելու, և շատ կարևոր կլինի մինչև այդ ունենալ արդեն իսկ բազմիցս քննարկված և բոլոր առաջարկությունները ներառող բարեփոխված Ընտրական օրենսգիրք, որպեսզի մենք կարողանանք դա փորձարկել մինչև ԱԺ-ի հաջորդ ընտրությունները։
- Անցած տարի վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի հայեցակարգում նշված ամենաէական փոփոխությունը վերաբերում էր լրիվ համամասնական ընտրակարգին անցմանը։ Որո՞նք են համամասնական և մեծամասնական ընտրակարգերի առավելություններն ու թերությունները, և Դուք սրանցից որի՞ն եք նախապատվություն տալիս։
- Խառը ընտրակարգով ընտրություններ ունենալու հիմնական հիմնավորումն այն էր, որ կուսակցություններին ստիպում էր կամ ինչ-որ ձև խթանում էր տեղերում ունենալ ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն ընտրողների հետ և կկարողանան այդպիսով շփումն ապահովել կուսակցությունների և ընտրողների միջև։
Բայց այստեղ հիմնական խնդիրը, որ մենք դիտորդական առաքելության ընթացքում բացահայտեցինք, վերաբերում էր այն ռիսկերին, որ սա տեղ է ստեղծում որոշակի հեղինակություն ունեցող մարդկանց, ինչու չէ նաև քրեական տարրերի համար ընդգրկվել, այսպիսով, հեղինակությունը օգտագործելով որոշակի աշխարհագրական տարածքում, օգուտ բերել և՛ իրեն, և՛ կուսակցությանը։
Համամասնականի մեկ այլ խնդիր, որին կուզենայի անդրադառնալ, վերաբերում է քարոզարշավի ֆինանսավորմանը, որը ևս մենք արձանագրեցինք․ տարածքայն ցուցակներով թեկնածուները սովորաբար նախընտրական հիմնադրամներ չեն բացում, նման պահանջ նախատեսված չէ ընտրական օրենսգրքով, այսինքն՝ սկզբունքը հետևյալն է, որ նախընտրական հիմնադրամից մասհանումներ են կատարում թեկնածուներին, որոնցով ֆինանսավորվում է վերջիններիս նախընտրական քարոզարշավը, բայց եղել են մի շարք դեպքեր, երբ թեկնածուները հենց իրենք իրենց անձնական միջոցներով են հոգացել իրենց նախընտրական քարոզչության ծախսերը, որը չի վերահսկվել, այսինքն՝ այս դեպքում մենք ունենում ենք խնդիրներ թափանցիկության և հաշվետվողականության հետ, իսկ համամասնական ընտրակարգի դեպքում այստեղ խոսքը գնում է բուն կուսակցական ցուցակով պայքարի մասին։
Կուսակցական ցուցակներով հիմնական խնդիրը, որ կարող ենք առանձնացնել, վերաբերում է կուսակցական ժողովրդավարությանը, այսինքն՝ այն խնդիրներին, թե ինչպես է կուսակցությունը իր ներսում ձևավորում այդ ցուցակները։ Դա այն ռիսկերից է, որը պետք է առաձնացնենք, և, իհարկե, այդ խնդիրը դեռ ժամանակ է պահանջում լուծման համար, բայց դա պետք է դիտարկել ոչ միայն ընտրական գործընթացի, այլ նաև կուսակցությունների ինստիտուցիոնալ զարգացման կոնտեքստում, այսնինքն՝ զուգահեռ ընտրական օրենգիրքը փոխելով՝ մենք պետք է մտածենք կուսակցությունների կայացման ուղղությամբ, այսինքն՝ դրանք լինեն ոչ թե անձնավորված, այլ լինեն ինստիտուցիոնալ տեսանկյունից կայացած կառույցներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել կուսակցությունների՝ որոշումնեի կայացման ներքին ժողովրդավարությունը։
- Համամասնական ընտրակարգի կողմնակիցներն էլ ասում են, որ կուսակցությունների գաղափարապես կայանալու առումով է շատ կարևոր սա, որովհետև ընտրողները գնում են, ընտրում են ոչ թե ինչ-որ մեկին, այլ կուսակցությանը և կուսակցության նախընտրական ծրագիրը։ Այս մասին ի՞նչ կասեք։
- Ես ամբողջությամբ համաձայն եմ այդ տեսակետի հետ, ու դա կուսակցությանը դրդում է ավելի շատ աշխատել որպես կուսակցություն այլ ոչ թե որպես անհատներ, որոնք տարածքում աշխատում են ընտրողների հետ, որովհետև տարածքային ցուցակների դեպքում սկզբունքն այն է, որ կուսակցությանը ձեռք են տալիս այդպիսի անհատներ, որովհետև ձայներ հավաքելով՝ ձայներ է ստանում զուգահեռաբար կուսակցությունը։
Այդ դեպքում, ինչպես նշեցի արդեն, ինստիտուցիոնալ զարգացման խնդիրը գնում է ավելի երկրորդական պլան․ դրա համար ես համաձայն եմ այդ տեսակետի հետ, և ավելի նախընտրելի է ունենալ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ։
- Ի՞նչ փոփոխություններ պետք է անել ընտրական օրենսգրքում, որ խուսափենք այնպիսի դեպքերից, երբ կողմնակի անձինք վերահսկում են ընտրական գործընթացը հայտնի սխեմաներով, այսինքն՝ ընտրողին տալիս են արդեն լրացված քվեաթերթիկ, և նա պետք է իր հետ տեղամասից դուրս հանի չլրացվածը, կամ ընտրողին քվեարկելու համար տարբերվող գույնի գրիչ են տալիս։
- Որ ասենք՝ սա 100 տոկոսով հնարավոր է կարգավորել ընտրական օրենսդրությամբ, սխալ կլինի։ Մենք ընտրական օրենսդրությանը զուգահեռ նաև պետք է դիտարկենք ընտրական մշակույթի բարելավման հարցը, այսինքն՝ խոսքը գնում է ընտրողնեի իրազեկման բարձրացման մասին, խոսքը գնում է նաև ընտրական դերակատարների, (կլինեն դրանք նախընտրական շտաբերը, կլինի դա ոստիկանությունը), ընտրական վարչարարություն իրականացնող մարմինների կողմից պրակտիկայի և մոտեցումների փոփոխությունը, որպեսզի բացառվեն նման դեպքերը։
Իհարկե, վերջին ընթացքում բավականաչափ փոփոխություններ եղել են, որոնք տանում են դեպի այդ ռիսկի մեղմացմանն ու նվազեցմանը, այսինքն՝ վերջին համապետական ընտրություններին նման խնդիրներ չեն արձանագրվել, բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ կա պրակտիկա, որն օրենքով հաստատված չէ, նույնը վերաբերում է նաև վարչական ռեսուրսների չարաշահման խնդին, որովհետև ամեն ինչ չէ, որ օրենքով կարգավորվում է․ նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական մարմինների կողմից իրականացվող ֆունկցիաները, որոնք ավելի շատ պետք է ոչ թե օրենքով կարգավորվեն, այլ նաև կարգավորվեն ընտրական մշակույթով կամ չգրված օրենքներով։ Օրինակ, վարչապետի գործունեությունը նախընտրական շրջանում ինչպե՞ս կարգավորվի, որպեսզի չդիտարկվի այն որպես վարչական ռեսուրսի չարաշահում։
Մեկ այլ խնդիր, որ մենք դիտարկեցինք վերջին ընտրությունների ժամանակ, մասնավորապես Աբովյանի քաղաքապետի ընտրություններին էր վերաբերում։ Դա մարզպետի մասնակցությունն էր նախընտրական քարոզարշավին։ Օրենքը որևէ սահմանափակում չի ենթադրում, քանի որ նա արձակուրդում էր և բոլոր իրավունքներն ուներ, բայց այստեղ մենք տեսանք դեպքեր, երբ ելույթներում ինքը հղում էր կատարում իր՝ որպես մարզպետի հայտարարություններին, որն արդեն իրեն դուրս էր հանում նման կարգավիճակից։ Այսինքն՝ մենք այստեղ օրեքի խախտում չունենք, բայց մենք ունենք արդեն վարչական ռեսուրսի չարաշահման խնդիր, որովհետև տվյալ ձևով արդեն դա կարող էր ազդեցություն բերել ընտրական գործընթացի վրա։
Եթե փորձեմ ամփոփել, ասեմ, որ խոսքը ոչ միայն բուն Ընտրական օրենսգիրքն է, իհարկե, այնտեղ ընթացակարգերը պետք է կարգավորվեն, բայց կան նաև շատ չգրված հատվածներ, որ վերաբերում են և՛ ընտրողների գիտակցությանը, և՛ ընտրական գործընթացներում ընդգրկված դերակատարների պատասխանատվության և հաշվետվողականության բարձրացմանը։
Եվ, բացի դրանից, մեկ այլ կոմպոնենտ, որ կուզենայի ընդգծել այս մասով, պատասխանատվության ինստիտուտների զարգացումն է, այսինքն՝ մենք շատ դեպքերում արձանագրում ենք խախտումներ, բայց չունենք այն մարմինները, կամ չկան այն իրավասությունները, որոնցով հնարավոր է խախտողին պատասխանատվության ենթարկել։ Խոսքը վերաբերում է քարոզարշավի ընթացքում թույլ տրված խախտումներին, կուսակցությունների կողմից ֆինանսավորման հետ կապված խնդիրներին, որոնք ավելի շատ կարգավորմա և խստացման կարիք ունեն։ Նույնը վարչական ռեսուրսների մասով։
- Օրինակ, ինչ-որ օրենսդրական բարեփոխումներ չպե՞տք է լինեն, որոնք կսահմանեն, որ չի կարելի վարչական ռեսուրսը չարաշահել նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։
- Իհարկե, մենք այս խնդիրները արտացոլել ենք մեր վերջին հաշվետվություններում և առաջարկություններում։ Առաջին հերթին մենք առաջարկում ենք հստակ սահմանել վարչական ռեսուրսի չարաշահում եզրույթը և խստացնել պատասխանատվությունը վարչական ռեսուրսների չարաշահման մասով։
Իհարկե, կան կարգավորումներ Ընտրական օրենսգրքով, բայց դրանք չեն ընդգրկում վարչական ռեսուրսների չարաշահման ամբողջ սպեկտրը։ Եվ այստեղ շատ կարևոր կլինի դիտարկել ոչ միայն նախընտրական քարոզարշավի շրջանը, այլ մինչև նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը ընկած ժամանակահատվածը, որովհետև, անկախ թե երբ ես պաշտոնապես մեկնարկում քարոզարշավը, փաստացի քարոզարշավը սկսվում է, երբ արդեն ընտրությունները նշանակվում են, այսինքն՝ պետք է և՛ քարոզարշավի եզրույթը սահմանել, և՛ հստակեցնել վարչական ռեսուրսի չարաշահման եզրույթը։
Այն, ինչ արձանագրել ենք վերջին համապետկան ընտրությունների դեպքում, շատ դեպքերում, իհարկե, դրվագային էին, բայց նաև պայմանավորված էին չիմացությամբ։ Այսինքն՝ այստեղ շատ կարևոր խնդիր է, բացի օրենսդրական կարգավորումներից, նաև իրազեկվածությունը բարձրացնել պետական մարմինների ու փորձել ներդնել այն մշակույթը, որը մաքսիմալ կերպով կնվազեցնի վարչական ռեսուրսի չարաշահման հնարավորություններն ու ռիսկերը։
- Գործող կարգավորումներով ԱԺ հերթական գումարման յուրքանչյուր խմբակցություն տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունենում է երկուական անդամ, երկու անդամ էլ նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովը։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է ձևավորվեն տեղամասային ընտրական հանձնաժողովները։
- Խնդիրն այստեղ վերաբերում է հետևյալին․ եթե նայում ենք Ընտրական օրենսգիրքը, տեղամասային ընտրական հանձնաժողովների իրավասությունները, գործընթացները, ընթացակարգերը մաքսիմալ մանրամասնությամբ նկարագրված են օրենսգրքում, այսինքն՝ իրենք կազմակերպում են քվեարկության օրվա աշխատանքները, որոնք իրականում առնչություն չունեն իրենց կուսակցական պատկանելիության հետ։
Նաև առաջարկում են դիտարկել քաղծառայողներ ունենալու սկզբունքով տեղամասային հանձնաժողովներ ձևավորելը, որովհետև, իհարկե, կուսակցական պատկանելիությունը որոշակի դերակատարություն պետք է ունենա։
Ուզում եմ ասել, որ ընթացակարգերը ավելի շատ կանոնակարգված են, այստեղ ավելի շատ մեզ պետք են պրոֆեսիոնալներ, այլ ոչ թե քաղաքական կուսակցություններին ներկայացնող անձնավորություններ, որովհետև մյուս խնդիրը հետևյալն է․ շատ դեպքերում ընտրություննեի ժամանակ կուակցությունների կողմից առաջադրված թեկնածուների մասով ունենում ենք գիտելիքների, կոմպետենտության խնդիրներ, հանձնաժողովների անդամները, նաև որոշ դեպքերում նախագահները և քարտուղարները առանց օրենքի, ընթացակարգերի իմացության հանդիսանում են ընթացակարգերի կամ քվեարկության օրը տեղի ունեցող խախտումների հիմնական պատճառը։ Եվ դա հիմնականում արձանագրվել է մեր հաշվետվություններում, այսինքն՝ քվեարկության օրվա հիմնական խախտումների մեծ մասը բաժին էր ընկնում տեղամասային ընտրական հանձնաժողովներին։
- Այսինքն՝ պետք է քաղծառայողնե՞րն ընդգրկվեն ՏԸՀ-ներում, որովհետև կան մարդիկ, որ ասում են՝ եկեք մրցութային ձևով իրականացնենք, ով մրցույթում հաղթի, նա էլ ընդգրկվի։
- Իհարկե, ամեն դեպքում կլինեն քաղծառայողներ, թե մասնագտեներ, թե կամավորներ, կամ տարբերակներ են շրջանառվում, որ կարելի է ընդգրկել երիտասարդներին որպես փորձ ձեռք բերելու հնարավորություն, բայց այստեղ շատ կարևոր է դիտարկել վերջիններիս վերապատրաստման և հավաստագրման գործընթացը, այսինքն՝ անկախ ամեն ինչից՝ մրցույթո՞վ են ընտրվում, թե՞ ոչ, շատ կարևոր է իմանալ, որ իրենք ունեն անհրաժեշտ գիտելիքներ և հավաստագրեր՝ որպես ՏԸՀ անդամ հանդես գալու, որովհետև մյուս խնդիրների փաթեթը վերաբերում էր դասընթացների կազմակերպման գործընթացին։
Օրինակ, եթե հղում կատարեմ վերջին համապետական ընտրություններին՝ 2018 թ․ խորհրդարանական ընտրություններին, այստեղ դասընթացները, իհարկե, լավ էին մշակված, բայց կազմակերպչական տեսանկյունից՝ տևողությունը, ինտերակտիվությունը հաշվի առնելով և հաշվի առնելով նաև մեր ընտրական օրենսգրքի բարդ ընթացակարգերը՝ շատ դժար է պատկերանցել, որ այդ չորս ժամվա դասընթացի ընթացքում հանձնաժողովի անդամները կարող են լիարժեք գիտելիքներ ստանալ գործընթացի վերաբերյալ։
Եվ այս անգամ ևս էլի վերահսկողության խնդիր է լինում, որովհետև շատ դեպքերում լինում են բացակա հանձնաժողովի անդամներ, ում փոխարեն ստորագրում են, որ ներկա են գտնվել, հավաստագրեր են տրվում։ Եթե մենք նայում ենք՝ դա լինի քաղծառայո՞ղ, թե՞ լինեն այլ մրցույթով ընտրված այլ մարմիններ, պետք է ընթացքը դիտարկել ոչ միայն մրցույթով, այլ նաև իրենց կարողությունների, վերապատրաստման, հավաստագրման կոնտեքտում։
Ըստ RElection-ի ձևաչափի՝ հարցազրույցի մասնակիցը կարող է հարց ուղղել հաջորդ փորձագետին։
Ալեքսեյ Պետրոսյանի հարցը.
«Ի՞նչ մոտեցումներ մենք կարող են կիրառել, որ բացի օրենսդրական կարգավորումներից՝ բերենք նաև որոշակի վարվելակերպի փոփոխությունների թե՛ ընտրական մարմիններում, թե՛ ընտրողների շրջանում, որպեսզի կարողանանք կարգավորել այն բացերը, որոնք ընտրական օրենսգրքով չեն կարգավորվել կամ սովորաբար չեն կարգավորվում»։
comment.count (0)