Դումանյանը կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում. այդ հարցին նա կպատասխանի մրցույթ հայտարարվելուց հետո |armtimes.com|
14:06 - 13 հունիսի, 2019

Դումանյանը կառաջադրվի՞ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում. այդ հարցին նա կպատասխանի մրցույթ հայտարարվելուց հետո |armtimes.com|

armtimes.com։ Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին ընտրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Դրան նախորդել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, երբ նա, տեղի տալով իշխանություններից ստացվող ազդակներին ու բացահայտ հորդորներին, տեւական պայքարից հետո որոշեց հեռանալ: Սիմոնյանին առայժմ փոխարինում է նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, որին նա պաշտոնից ազատել էր ամիսներ առաջ:

ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Դումանյանի հետ զրուցել ենք բուհում առկա մթնոլորտի, ռեկտորի պաշտոնում իր առաջադրվելու հնարավորության վերաբերյալ:

Պարոն Դումանյան, արդեն մի քանի օր է՝ ԵՊՀ-ն նոր ղեկավար ունի: Այս ընթացքում ինչ-որ բան փոխվե՞լ է ներբուհական կյանքում, աշխատանքային եւ ուսումնական պրոցեսում մթնոլորտը ա՞յլ է:

Չէի ասի, որ ինչ-որ բան նկատելի փոխվել է: Արագ չէր էլ կարող փոխվել: Համալսարանում ղեկավարության փոփոխություն, ըստ էության, տեղի չի ունեցել, այլ միայն անձի: Քանի չկա անցյալի գնահատականը, էական ու սկզբունքային ոչինչ փոխվել չի կարող: Փոխվել է մի բան, որ այսօր ռեկտորի պաշտոնը թափուր է, որը, իմ կարծիքով, ամենագլոբալ փոփոխությունն է:

Մինչ այդ լարվածություն կար, հիմա դա բացակայում է ուղղակի այն պատճառով, որ ռեկտորը հրաժարական տվեց: Չեմ կարծում, թե հնարավոր է ժամանակավոր պաշտոնակատարից կարճ ժամանակում իրավիճակի փոփոխություն ակնկալել: Հիմա պետք է արագ ընտրություն անել ու դրանից հետո կարելի է ընտրված ռեկտորին լուրջ հարցադրումներ ներկայացնել:

Փորձը ցույց է տալիս, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներն աշխատում են հնարավոր առավելագույն ժամկետով՝ վեց ամիս: Կարծեք թե այս դեպքում էլ դա չի բացառվում:

Ես չեմ կարող գուշակել՝ ինչքան կպաշտոնավարի, երբ կհայտարարվի թափուր պաշտոնի մրցույթ: Դա արդեն հոգաբարձուների խորհրդի խնդիրն ու որոշելիքն է: Բայց կարծում եմ՝ պետք է ընտրություն լինի, որ արդեն հեռահար ծրագրեր լինեն եւ այլն, եւ այլն:

Մինչեւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություն-նշանակումը մամուլը գրում էր, որ ձեր թեկնածությունը նույնպես պետք է առաջադրվի, ինչը, փաստորեն, տեղի չունեցավ: Իսկ կմասնակցե՞ք ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին, երբ այն հայտարարվի: 

Ամբողջ խնդիրը հետեւյալն է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման կամ ընտրության գործընթացը կանոնակարգված չէ: Պատճառները հասկանալի են: Մինչեւ երկրում իրավիճակի փոփոխությունը որեւիցե մեկի մտքով չէր անցնում, որ կարող է այդպիսի խնդիր առաջանալ, քանի որ նախկինում նույնիսկ ռեկտորի ընտրության կանոնակարգն էր զուտ ձեւական պահանջ, որովհետեւ իմ կարծիքով կանխորոշված ընտրություններ էին:

Հիմա ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման այդ գործընթացը, որը տեղի ունեցավ, ոչ մի իրավական ակտից չէր բխում՝ ովքե՞ր կարող են առաջադրվել ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ի՞նչ պահանջների պիտի բավարարեն, ո՞վ կարող է առաջադրել եւ այլն: Հոգաբարձուների խորհուրդն ինչ-որ մի տարբերակ ընտրեց ու դրանով առաջնորդվեց:

Ինչ վերաբերում է իմ անձին, քանի դեռ կար գործող ռեկտոր, ես նման հարցերին չեմ պատասխանել, որովհետեւ թափուր պաշտոնի դեպքում միայն մարդ կարող է մտածել հավակնել կամ չհավակնելու մասին: Այսօր թափուր է պաշտոնը, բայց այսօր էլ ընտրական գործընթաց չկա հայտարարված:

Եվ հիմա խոսել ապագայի տրամադրությունների մասին, կարծում եմ վաղաժամ է: Երբ որ մրցույթը հայտարարվի, իրավիճակից կախված, տրամադրությունից կախված համապատասխան որոշում կկայացվի՝ մասնակցել կամ չմասնակցել: Բայց մի բան հստակ կարող եմ ասել՝ ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի տարի ես անտարբեր չեմ եղել համալսարանում ընթացող գործընթացներին: Առավելեւս ձեզ ծանոթ են իմ դիրքորոշումները տարբեր աղմկահարույց հարցերի վերաբերյալ:

Շուրջ երկու տասնամյակ ես այստեղ ինչ դիրքորոշում ունեցել եմ, դա չի փոխվել, մնացել է նույնը: Ես տեսնում եմ խնդիրներ, ես ինչ-որ տեսակետներ ունեմ, առայժմ ինձ մոտ ոչինչ չի փոխվել: Երբ որ կհայտարարվի մրցույթ, այն ժամանակ նոր կարելի է քննարկել նման հարց:

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել