Ուզում ենք հասկանալ՝ դուք գիտակցելո՞վ եք խախտում Սահմանադրությունը, թե՞ չեք գիտակցում․ Արմեն Եղիազարյան
11:45 - 06 փետրվարի, 2020

Ուզում ենք հասկանալ՝ դուք գիտակցելո՞վ եք խախտում Սահմանադրությունը, թե՞ չեք գիտակցում․ Արմեն Եղիազարյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, սակայն նիստին ներկայացված նախագծով վատթարացվում է գործող դատավորների վիճակը՝ նրանց ազատելով աշխատանքից։ Ապա հարց ուղղեց Վահագն Հովակիմյանին․ «Ուզում ենք հասկանալ՝ դուք գիտակցելո՞վ եք խախտում Սահմանադրությունը, թե՞ չեք գիտակցում, որ այս նախագծով Սահմանադրությունն է խախտվում»։

Հովակիմյանը պատասխանեց, որ Սահմանադրությունը չի խախտվում, որովհետև խնդիրը լուծվում է Սահամանադրության փոփոխություններով։

«Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև դա բխում է Սահմանադրության 2-րդ հոդվածի ուժից։ Օրինակը բերեմ՝ եթե ձեր ասածն էդպես լիներ, այսինքն՝ ժողովուրդը հնարավորություն չունենար փոփոխություն անելու միայն որևէ պաշտոնյայի լիազորությունների կրճատման տեսանկյունից, նշանակում է՝ 2015թ․ Սահմանադրությունը, Ձեր ձևակերպմամբ, ի չիք է դառնում։ 2015-ի Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մի մասի ցմահ լիզորությունները կասեցվեցին և 7-րդ գլխի ուժով նոր նախագահներ ընտրվեցին։ Այսինքն` Ձեր ասածը չի կարող նոր Սահմանադրության տրամաբանության մեջ մտնել»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Նրա խոսքերով՝ ինչ վերաբերում է դատավորների բաց թողնված եկամուտին, իրենք, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք ունեն, երբ հարցը դրվի հանրաքվեի, երբ ՀՀ ժողովուրդը իր քվեն կծտա և այդ նախաձեռնությունը ընդունվի, դրանից հետո դիմել դատական պաշտպանության։ 

Արմեն Եղիազարյանն արձագանքեց, որ Հովակիմյանը խոսեց անձի իրավունքի և բնական իրավունքի մասին, մինչդեռ դրանք տարբեր ինստիտուտներ են, և պետք է տարանջատել, ինչին «Իմ քայլ»-ի պատգամավորը պատասխանեց․

«Ես մոտ 20 րոպե խոսում էի այն մասին, որ ՍԴ-ում ճգնաժամ է, և այն պետք է լուծել օր առաջ։ ՀՀ ՍԴ-ի շենքում ծվարել են մարդիկ, որոնք պատրաստ են ՀՀ շահերը, պետական շահերը ոտնատակ տալ։ Ես խոսում էի այն մասին, որ լուծումը պետք է տա ՀՀ ժողովուրդը, որն իշխանության կրողն է։ Թե Դուք ինչու ունեք այդ ընկալումը, դա Ձեր իրավունքն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել