Կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների և մնացածի պուճուրիկ խմբակները, կա՛մ ազնիվ եղեք, ասեք, որ ձեր տեղը չեք գտնում՝ ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում, և մարդիկ թող ձեզ վերաբերվեն այդ ձևով։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններին։
«Հարգելի՛ գործընկերներ, կոորդինատների ճշտման կարիք կա քաղաքական առումով։ Էն, որ ասում եք՝ էս բութը, էս ստորակետը, վայ, վայ, սենց բաներ եք անում․․․Մենք հեղափոխություն չէինք անի, եթե գործին չմոտենայինք անձնազոհաբար, եթե չհասկանայինք, թե մենք ինչ ենք անում, ուր ենք գնում։ Չի կարելի կիսատ հեղափոխական լինել։ Չի կարելի ասել՝ գիտե՞ք՝ մենք հեղափոխությանը չենք մասնակցել, բայց ակտիվ նայում էինք։ Լավ էիք անում՝ ակտիվ նայում էիք»,- ասաց Սիմոնյանը, ապա ավելացրեց․ «Բա՞ն ա եղել, ինչ-որ բան դուրներդ չի՞ գալիս, հավատու՞մ եք էդ գաղափարներին, համարում եք, որ այն, ինչ եղել ա, ճիշտ ա եղել, էկեք, մեր հետ խոսեք, ասեք՝ մենք սենց առաջարկ ունենք»։
Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ մենք ունենք նման պատգամավոր, որի համար ինքը նրան հարգում է։
«Մեր արածը քննադատե՞լ։ Ժողովու՛րդ, ես կարող եմ ձեր ամենաուժեղ, ամենամաքուր արտահայտությունների մեջ էնքան ստորակետ ու էնքան բառ գտնել քննադատելու, որ մի ամսվա համար քննադատման թեմա լինի։ Ախր մարդիկ դա տեսնում, հասկանում են»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։
Սիմոնյանն ավելացրեց․ «Կա՛մ դուք քաղաքական որոշում եք կայացնում, այրում եք ձեր կամուրջներն անցյալի հետ, կա՛մ կանգնում եք հեղափոխության կողքին, որի հնարավորությունն ունեցել եք հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, հեղափոխությունից մի քիչ հետո, հիմա։ Կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների և մնացածի էդ պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել ՀՀ-ում, կա՛մ ազնիվ եղեք, եկեք, ասեք՝ մենք մեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում։ Եվ մարդիկ թող ձեզ վերաբերվեն այդ ձևով»։
«Իմ քայլ»-ի պատգամավորը ելույթը եզրափակեց՝ ասելով, որ հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով բոլորին, ովքեր չեն հասկանում նորը։
comment.count (0)