Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը է իրականացվել Սյունիքում և Վայոց ձորում
10:25 - 07 փետրվարի, 2020

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը է իրականացվել Սյունիքում և Վայոց ձորում

Շարունակվում է հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ներկայացման գործընթացը: Էկոնոմիկայի նախարարության հաղորդմամբ՝ հանրային իրազեկման արշավի շրջանակում փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները Գորիսում հանդիպում են ունեցել Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն իր ելույթի սկզբում ընդգծել է համայնքապետերի կարևոր դերը ֆերմերներին այդ տեղեկատվության հասանելիության ապահովման հարցում:

Իռա Փանոսյանը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է պետօժանդակության ծրագրերը՝ հատուկ անդրադարձ կատարելով հատկապես նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների հիմնման, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագրերին, ինչպես նաև գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրմանը:

Ընթացիկ ծրագրերի թվում Իռա Փանոսյանը նշել է նաև «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որը թե՛ ֆիզիկական և թե՛ իրավաբանական անձանց կարող է ծառայել բոլոր ուղղություններով գյուղատնտեսության գործունեություն իրականացնելու համար:

Ըստ նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանի՝ Սյունիքում ձևավորվել է կարծիք, որ մարզում այգեգործությունն ու ջերմոցային արտադրությունն այդքան էլ արդյունավետ չեն, և ֆերմերները նախընտրում են զբաղվել անասնապահությամբ, մասնավորապես՝ տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Մինչդեռ, ըստ նրա՝ այգեգործության ոլորտում հնաավոր է հաջողության հասնել բարձր բերքատվություն ապահովող սորտերի ճիշտ ընտրության շնորհիվ: Նա մարզում հեռանկարային է համարել նաև ջերմոցաշինության ոլորտը. «Ունենալով ջերմոցային տնտեսություններ՝ ֆերմերները կկարողանան ապահովել մարզի ներքին շուկայի սպառումը, և, ինչու չէ՝ վաճառք իրականացնել նաև Արցախում», - նշել է Դավիթ Դավթյանը և հավելել, որ Սյունիքի մարզում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար ևս առկա են բարենպաստ պայմաններ:

Իրազեկման արշավի շրջանակում հաջորդ հանդիպումը կայացել է փետրվարի 6-ին՝ Եղեգնաձոր քաղաքում: Միջոցառմանը ներկա էր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

Ողջունելով հանրային իրազեկման այս նախաձեռնությունը՝ մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին առավելագույնս տեղեկանալ ծրագրերի պայմաններին, որպեսզի հետագայում կարողանան իրենց համայնքներում ճիշտ ուղղորդել շահագրգիռ ֆերմերներին:

Հանդիպման ընթացքում պետօժանդակության ծրագրերի պայմաններից ու մասնակցության ընթացակարգից բացի՝ Իռա Փանոսյանը ներկայացրել է, թե ինչպես կարելի է գյուղատնտեսության ոլորտում առավել արդյունավետ գործունեություն ծավալել՝ զուգահեռաբար օգտվելով մի քանի ծրագրից:

Իռա Փանոսյանը անդրադարձել է նաև գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել