Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի նստավայրում փետրվարի 3-ին կայացել է Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հանդիպումը վարչապետ Նգույեն Սյուան Ֆուքի հետ:
Ողջունելով դեսպանին՝ վարչապետ Ֆուքը նշել է, որ երկու երկրների միջև առկա է փոխըմբռնման դրական մթնոլորտ և ընդգծել, մասնավորապես, առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը:
Դեսպան Կաժոյանը, շնորհակալություն հայտնելով Վիետնամի վարչապետին ընդունելության համար, շնորհավորել է նրան Վիետնամի Կոմկուսի հիմնադրման 90-ամյակի, ՄԱԿ-ի ԱԽ անդամակցության և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԷԱՆ) նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում Վահրամ Կաժոյանն անդրադարձել է հայ-վիետնամական համագործակցության առաջնահերթ կետերին, այդ թվում՝ նաև մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի: Դեսպան Կաժոյանը նշել է, որ հայկական ընկերությունների կողմից կա մեծ հետաքրքրություն մասնակցելու 2020 թվականի «Վիետնամ ԷՔՍՊՈ»-ին, ինչը լավ հիմք կարող է դառնալ հայկական ապրանքների արտահանման համար ոչ միայն Վիետնամ, այլ նաև ԱՍԷԱՆ-ի ողջ տարածաշրջան:
Հանդիպմանը մասնակցել են ՎՍՀ արտաքին գործերի, արդյունաբերության ու էկոնոմիկայի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ներկայացուցիչները:
comment.count (0)