lragir.am: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հարցին, որ Հայաստանի կառավարությունը բանակցում է իրանական ընկերություններից մեկի հետ՝ «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման շուրջ: Նախարարի խոսքով՝ նախագիծը բիզնես հիմնավորվածություն պետք է ունենա: «Եկեք սպասենք, կտեսնենք»,- ասաց նա:
Տիգրան Խաչատրյանը չհերքեց, որ կարող է նաև քննարկվել «Նաիրիտի» վաճառքի հարցը իրանական կողմին: Հարցին, թե արդյոք կառավարությունը մտադիր է վաճառքի հանել «Նաիրիտը», նախարարը պատասխանեց. «Կառավարությունը բոլոր նման դեպքերում, եթե լինի այնպիսի ներդրումային առաջարկ, որն իր երկարաժամկետ կայունության հարցում երաշխիքներ է պարունակում, պատրաստ է քննարկել: Բոլոր դեպքերում, կառավարությունը պատրաստ է քննարկել դրա շուրջ որևէ ներդրումային նախաձեռնություն»:
Տիգրան Խաչատրյանը նշեց, որ չի կարող հաշվարկ ներկայացնել, թե որքան գումար է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար: Անկախ գումարի չափից, նախ պետք է գնահատվի դրա տեխնիկական իրագործելիության հարցը, ասաց նա:
comment.count (0)