Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն |tert.am|
12:50 - 11 փետրվարի, 2020

Նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն |tert.am|

tert.am: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի շարք այլ կառուցվածքային փոփոխություններ կատարել և հստակեցնել գործառույթները:

Ներքին գործերի նախարարության կազմավորումը և գերատեսչության նորմատիվային հիմքի ապահովում նախատեսվում է իրականացնել 2021 թ. առաջին կիսամյակում: Ռազմավարությունում նշվում է, որ նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական և թե՛ քաղաքացիական վերահսկողությանը։

«Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք՝ քաղաքականության մշակման և իրաանացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած ՝ ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և կարևորապես՝ իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումն, իրականացումն ու դրա պատասխանատվությունը»,- ասվում է նախագծում:

Ներքին գործերի նախարարության ձևավորման համատեքստում, կարևորելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՆԳ նախարարության նախատեսվող դերակատարումը՝ նախագծի հեղինակ Արդարադատության նախարարությունն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում ներառելու հարցը։

«Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ։ Այս համեմատությունը տեղին չէ միայն թեկուզ այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե քաղաքական և թե քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են»,- նշված է ռազմավարությունում:

Նախատեսվում է նաև կրճատել Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները և ստեղծել նոր Պարեկային ոստիկանություն: Ծառայության կազմավորման ընդհանուր ժամանակացույցը ենթադրում է ոչ ավել, քան մինչև 2020թ. վերջը:

Պարեկային ծառայության գործառույթներն են լինելու՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը և այլն:

«Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, սահմանային ռեժիմի կառավարումն իրականացնող, իրավախախտներին հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն»,- գրված է նախագծում:

Կստեղծվի նաև Օպերատիվ կառավարման կենտրոն, որը լինելու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Միջնաժամկետ կտրվածքով քննարկման առարկա պետք է դառնա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը՝ ընդգրկելով ամբողջ պետության տարածքը։

Քննարկվող ռազմավարության շրջանակներում առաջարկվում է քննարկման առարկա դարձել նաև ոստիկանությանը քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես՝ երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախնական քննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը։ Այս համատեքստում քննարկման մյուս կարևոր հարցը քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումն է, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ կապահովեն մյուս քննչական մարմինների հետ։

«Ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական կոմիտեին, որը, ըստ էության, մինչ այդ համակարգում գործող քննչական գլխավոր վարչության հիմքով ստեղծված քննչական մարմին է։ Նախաքննություն իրականացնող մյուս երեք քննչական մարմիններն են՝ ՊԵԿ-ը, ԱԱԾ և ՀՔԾ: Քննչական մարմինների նման դասավորվածության պայմաններում ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնում քրեական գործերի քննության գործառույթից, ինչը բացի հանցավորության դեմ արդյունավետ պայքարի խնդրից նաև խնդրահարույց է պետության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

Ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել է առաջարկվում: Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը։ Որպես այլընտրանք կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը։

Նախատեսվում է Ոստիկանության զորքերի ապառազմականացում  իրականացնել, որը տեղի է ունենալու նախ և առաջ կարգավիճակի փոփոխությամբ: Առաջարկվում է օրենքով Ոստիկանության զորքերը նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: «Զորքեր» հասկացության փոխարեն ոստիկանության զորքերը վերանվանվելու է «ազգային գվարդիա»:

«Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը՝ ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ»,- ասված է նախագծում:

Ըստ նախագիծը ներկայացրած գերատեսչության՝ Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը։ Մասնավորապես, անհրաժեշտ է համարվում պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջը փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի։

«Եթե ոստիկանությունը կարողանա հանրությանը պրոակտիվ կերպով (ոչ թե պոստ ֆակտում) տեղեկացնել հանրային հնչեղության հարցերի, իր ծառայության առանձնահատկությունների, խիզախություն և ծառայողական արժանիքներ դրսևորած ծառայողների վերաբերյալ պատմությունների ներկայացմամբ, ինչու ոչ՝ հումորային հաղորդաշարների միջոցով ոստիկանության ծառայության մասին պատմելով, ապա առավել ընկալելի, ուստի և առավել մոտ կդառնա հանրությանը»,- նշված է ռազմավարությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել