Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հրազդան ԲԿ-ի տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով
Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում:
Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հրազդան ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ:
2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ իմ կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ Ազգային Անվտագության Ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:
Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սա, ի գիտություն, բոլոր այն ԶԼՄ-երի, որոնք պարբերաբար շահարկում են այս թեման՝ առանց տեղյակ լինելու մանրամասներին:
Այսօր «Հրազդան» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ ունեցած աշխատանքային խորհրդակցության շրջանակում քննարկեցինք ԲԿ-ի գործունեության առողջացմանն ուղղված ծրագրի մանրամասները, որը բաղկացած է մի քանի կարևոր բաղադրիչներից՝ ֆինանսատնտեսական իրավիճակի կարգավորում, կադրային նոր քաղաքականության մշակում, կարգապահության և մասնագիտական որակների բարձրացում, ԲԿ-ի վերազինում և բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում:
Ի դեպ, այս երկու ամիսների ընթացքում, «Հրազդան» ԲԿ-ում արդեն իսկ նկատվում է ստվերային շրջանառության որոշակի նահանջ, սակայն դեռ շատ անելիքներ կան: Այսպես, օրինակ՝ 2020թ հունվար ամսվա մուտքերը կազմել են 14.047.2 մլն ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որը կազմել է 11.043.9 մլն ՀՀ դրամ:
Նշեմ, որ այսօր մեր պետական ու տարածքային կառավարման մարմինները, իրավապահ համակարգը և վերահսկողական գործառույթներով օժտված պետական մյուս ինստիտուտները թույլ չեն տալու և ոչ մի ոլորտում նախկինում տեղ գտած մերժելի ու հանցավոր գործելաոճի նույնիսկ փոքրիկ փորձ իսկ, եւ ես շարունակելու եմ հետայսու ևս ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում խստագույնս հակադարձել նմանատիպ երևույթներին ու զերծ չեմ մնալու նույնիսկ ամենավիրահատական գործիքակազմերից, այդ թվում՝ սերտ համագործակցելով ՀՀ իրավապահ համակարգի հետ։
Ի գո՛րծ
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
comment.count (0)