Մեծավանի ջրամբարում ձկնաբուծություն չի նախատեսվել և ջրամբարում ձկների հայտնվելու վերաբերյալ որևէ տեղեկության Ջրային կոմիտեն չի տիրապետում: Այս մասին գրառում է տեղադրվել Ջրային կոմիտեի էջում։
Հրապարակման համաձայն՝ Մեծավանի ջրամբարը կառուցվել է 1989թ․ Լոռու մարզի Մեծավան գյուղից 2 կմ հեռավորության վրա: Ջրամբարը ոռոգման նշանակության է, մեռյալ ծավալ չունի։ Ըստ այդմ, շահագործման ռեժիմներով պայմանավորված և անվտանգության նկատառումներից ելնելով՝ ցանկացած պահի ջրամբարը կարող է դատարկվել:
Ջրամբարը դատարկվել է վերջերս՝ անվտանգության նկատառումներով։ Դեռևս 2017թ․, կոնստրուկցիաների քայքայման պատճառով վթարային իրավիճակ է արձանագրվել․ պատվարի ձախ կողեզրին կառուցված աղետային ջրհեռի խրամուղային ջրընդունիչի աջ կողմի բետոնե պատի վերին եզրի՝ մոտ 40 սմ բարձրությամբ և 17 մ երկարությամբ հատվածը փլվել, պոկվել է հիմնական պատից: Խրամուղու կոնստրուկցիան քայքայված է, ինչի հետևանքով հորիզոնական շինարարական կարերի միջով ջուրը ներթափանցում է պատերի բետոնի շերտերը, իսկ հավաքովի երեսպատման սալիկները հեռանում են հիմնական բետոնից:
Ստեղծված իրավիճակի շուրջ մտահոգություն էին հայտնել Լոռու մարզպետը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, որոնք գրություններով դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մեծավանի ջրամբարի պատվարի վերականգնման աշխատանքների ուսումնասիրության և դրանց հրատապության գնահատման հարցը քննարկվել է Ջրային կոմիտեում տեղի ունեցած՝ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի նիստում:
ՏԿԵՆ հանձնարարականների համաձայն, ջրամբարի հիդրոտեխնիկական կառուցվածքների/ՀՏԿ/ տեխնիկական վիճակի զննման, նախնական ուսումնասիրությունների, ստեղծված իրավիճակի գնահատման ընթացքի և արդյունքների վերաբերյալ Ջրային կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն է ներկայացրել:
Մեծավանի ջրամբարի հիմնանորոգման նպատակահարմարության հարցը 2019թ․ հունիսի 19-ին քննարկվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ջրային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է կատարել ջրամբարի ՀՏԿ-ների վերանորոգման աշխատանքներ, քանի որ այդ վիճակում ջրամբարի շահագործումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
comment.count (0)