Հարավկովկասյան երկաթուղում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները
13:21 - 06 մարտի, 2020

Հարավկովկասյան երկաթուղում ձեռնարկվում են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները

Այս շաբաթվա սկզբից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում ձեռնարկվում են կորոնավիրուսի պրոֆիլակտիկային և հնարավոր տարածման կանխարգելմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ ուղեկցորդներ, տոմսավաճառներ, կայարանների հերթապահներ, միջազգային գնացքների մեքենավարներ, ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակասեպտիկներով:

Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են հիվանդության նշաններ ունեցող ուղևորներին կամ աշխատակիցներին, իսկ ուղևորները բարձրախոսներով տեղեկացվում են պրոֆիլակտիկ միջոցների մասին:

Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:
Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, Ընկերությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները հնարավոր վտանգից իր աշխատողներին և ուղևորներին պաշտպանելու համար:

- Երկաթուղին ռազմավարական նշանակության օբյեկտ է, և մենք պարտավոր ենք ապահովել դրա անխափան և անվտանգ աշխատանքը՝ սերտորեն համագործակցելով պետական մարմինների, Առողջապահության նախարարության հետ, - ընդգծեց ղեկավարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել