ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը |azatutyun.am|
15:34 - 10 մարտի, 2020

ԱԱԾ-ն նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Ազգային ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նպատակահարմար չի համարում ծառայությունում լյուստրացիա իրականացնելը։ 

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում մշտապես հսկողություն է իրականացվում ծառայողների կողմից ծառայողական և կատարողական կարգապահության պահպանման, ինչպես նաև նրանց՝ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջների համապատասխանության նկատմամբ։ Թերություններ հայտնաբերելու դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ, ուստի ծառայությունում լյուստրացիա իրականացնելը գտնում ենք ոչ նպատակահարմար։ Միաժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ լյուստրացիա կարող է իրականացվել միայն համապատասխան օրենքի առկայության դեպքում», - նշված է ԱԱԾ պատասխանում, որը ստորագրել է ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ս. Հարությունյանը։

Հատուկ քննչական ծառայության մարտի 2-ին տարածած հաղորդագրության համաձայն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ ստորաբաժանման պետին, քանի որ նա այս տարվա հունվարի 9-ին ԱԱԾ աշխատակցից առանց իրավաչափ հիմքերի պահանջել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից ստանալ ու իրեն փոխանցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, որը պարունակել է նրա անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ:

Այս կապակցությամբ հարցում էր ուղարկվել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին՝ փոխանցելով ծառայությանն ուղղված հայաստանցի իրավապաշտպանների քննադատությունը, թե Պապիկյանի հետ կապված դեպքը ևս մեկ ապացույց է, որ ԱԱԾ-ում զբաղված են տարաբնույթ քաղաքական, տնտեսական շահեր սպասարկելով և ոչ թե պետության ազգային անվտանգության ապահովմամբ, ուստի հարկավոր է ԱԱԾ-ն լյուստրացիայի ենթարկել։ Մարտիրոսյանին հղված հարցում նշված էր՝ «ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ, կո՞ղմ եք լյուստրացիային»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել