Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ |fip.am|
10:57 - 14 մարտի, 2020

Հայկական կորոնավիրուսի սխտորն ու ապատեղեկատվությունը․ ամփոփ անդրադարձ |fip.am|

fip.am: Նոր տիպի կորոնավիրուսի ի հայտ գալը, մինչև Հայաստան հասնելը, միջազգային մամուլում կեղծ լուրերի տարածման առիթ էր դարձել: Հայաստանի հարևան երկրներում և հենց Հայաստանում գրանցված առաջին դեպքերից հետո COVID-19 վիրուսի դեմ պայքարի ու տարածման չափերի մասին ապատեղեկատվություններ սկսեցին տարածել նաև հայկական լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի հայ օգտատերերը:

Այն, որ կորոնավիրուսը չի վերանում ալկոհոլի ու սխտորի ազդեցությամբ, իսկ դիմակ կրելը կամ մորուքը սափրելը չեն օգնում պաշտպանվել վիրուսից, գրեցին միջազգային մի շարք հայտնի լրատվականներ ու փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպություններ, այդ թվում՝ PolitiFact.com-ը, Factcheck.org-ը և այլն: Ամենատարածված ապատեղեկատվությունների վերաբերյալ հայտարարություններ տարածեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հատուկ կարգավորումների միջոցով փորձում է հեռացնել կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող դավադրության տեսություններն ու ապատեղեկատվությունը:

Վերջին օրերին կորոնավիրուսով վարակված լինել-չլինելու մասին լուրերի կենտրոնում հայտնվեցին մի շարք հայտնի դեմքեր: Արդեն հաստատվել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ, դերասան Թոմ Հենքսի և կնոջ, Իրանի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրերը: Մյուս կողմից՝ հերքվեցին Հռոմի պապի և Բրազիլիայի նախագահի վարակման մասին տեղեկությունները: 

Պատմություն Արմենիկումի մասին

Չնայած նրան, որ մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվել է, որ կորոնավիրուսի բուժման համար դեռևս ստեղծված դեղամիջոց չկա, տարբեր մասնագետներ ու փորձագետներ փորձում են առաջարկել սեփական եղանակները: Հայաստանի Հանրային ռադիոն մարտի 4-ին հրապարակում տարածեց՝ անդրադառնալով կորոնավիրուսի բուժման համար հայկական Արմենիկում դեղամիջոցի հնարավոր դերակատարության մասին: Նյութում, մասնավորապես, ասվում էր, որ Արմենիկումը, որը ստեղծվել էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բուժման նպատակով, կարող է օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում: Ավելի ուշ Հանրային ռադիոն իր կայքից ջնջեց այս հրապարակումը, սակայն նյութի արխիվացված տարբերակը հասանելի է որոնողական համակարգերում:

Սա, սակայն, միակ հրապարակումը չէր Արմենիկումի՝ կորոնավիրուսի բուժման հնարավոր տարբերակ լինելու վերաբերյալ: Այս մասին, վերլուծաբան Դավիթ Ասլանյանին հղում անելով, գրել էին news.am-ը, 24news.am-ը և այլ կայքեր:

Դեղատոմսեր Ուկրաինայից

Մի քանի օր շարունակ հայկական, ռուսական և ուկրաինական լրատվականները հրապարակումներ էին տարածում կորոնավիրուսի բուժման ուկրաինական եղանակի մասին՝ նշելով, որ այնտեղ այժմ սոխը, սխտորն ու սալը կորոնավիրուսի բուժման «լավագույն միջոցներն» են:

Նշենք նաև, որ այս և այլ սննդամթերքներ, որոնք ներկայացվում են որպես կորոնավիրուսը բուժելու միջոցներ, իրականում դրական են ազդում մարդու իմունային համակարգի վրա և ավելի դիմացկուն դարձնում վիրուսների նկատմամբ: Սակայն այս մեթոդները չեն կանխում կորոնավիրուսը և չեն բուժում վարակված մարդուն:

Խորհուրդներ Ֆեյսբուքից

Վերջին օրերին Ֆեյսբուքի հայ օգտատերերի շրջանում լայնորեն տարածվեց նաև կորոնավիրուսի մասին «փաստերի» մի ամբողջ շարք: Սա, սակայն, տարածվել է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, իսկ աղբյուրը եղել է ֆեյսբուքյան մի օգտատերի գրառում: 

Փաստերից մեկը, օրինակ, այն է, որ հազալու կամ փռշտալու դեպքում վիրուսը տարածվում է երեք մետր, մինչդեռ ԱՀԿ հրապարակումներում խորհուրդ է տրվում ախտանշաններ ունեցող անձից հեռու կանգնել մեկ մետրի չափով: Մեկ այլ կետում նշվում է, որ արտաքին միջավայրում վիրուսը ապրում է 12 ժամ, մինչդեռ ԱՀԿ-ն նշել է, որ այն կարող է կենսունակ ու վարակիչ մնալ մի քանի ժամից մինչև մի քանի օր: 

ԱՀԿ-ն հորդորում է չհավատալ ապատեղեկատվություններին

Կորոնավիրուսի «բուժման» համար ամենից շատ քննարկվեցին ալկոհոլի և սխտորի հնարավոր ազդեցությունները: Որոշ լրատվականներ էլ երեխայի մեզը նշում էին որպես կորոնավիրուսի բուժման եղանակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, հերքեց բուժման բոլոր այս տարբերակները. Սխտորը, մեզն ու ալկոհոլը չեն սպանում կորոնավիրուսը: Անգամ կոկաինի ընդունումը չի օգնի խուսափել վարակից կամ բուժվել: ԱՀԿ-ն անդրադարձել է նաև մեկ այլ միֆի, ըստ որի՝ կորոնավիրուսը կմահանա, եթե սառը եղանակին հիվանդը երկար ժամանակ մնա դրսում։ ԱՀԿ-ն պարզաբանում է, որ սառը եղանակը և ձյունը չեն կարող ոչնչացնել կորոնավիրուսը։ Բացի այդ՝ տաք ցնցուղը ևս չի կանխում կորոնավիրուսը։  

Ծխողները կորոնավիրուսով չեն վարակվո՞ւմ

Կորոնավիրուսի բռնկման առաջին օրերին լայնորեն տարածվեցին տեղեկությունները, թե իբր չծխող մարդիկ ավելի շատ են վարակվում կորոնավիրուսով, քան ծխողները: Ծխող մարդիկ, սակայն, ավելի հաճախ են ունենում սիրտանոթային համակարգի և թոքերի խնդիրներ, ինչը մեծացնում է նրանց՝ կորոնավիրուսով վարակվելու հնարավորությունը, իսկ սկսել ծխել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, թերևս, անիմաստ է:

Մարինա Խաչատրյանը խորհուրդ է տալիս կծու ուտել

Փետրվարի 25-ի ուղիղ հեռարձակման ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանն ասել է, որ հարևան Իրանում այս միջոցը սկսել են օգտագործել և այն բավական արդյունավետ է: Մարինա Խաչատրյանը հորդորում էր Հայաստանում ևս սկսել շատ օգտագործել կծու և իմանալ, որ հեշտությամբ կարելի է ազատվել ցանկացած արհեստածին վիրուսից, իսկ կորոնավիրուսը, ըստ նրա, հենց այդպիսին է: 

Իրանում կծու ուտելու արդյունքների մասին հրապարակումները համացանցում շատ չեն, իսկ կորոնավիրուսի արհեստածին լինելը խնդրահարույց է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրության՝ կորոնավիրուսները կենդանածին են: 

«Փաստերի ստուգման հարթակը» կշարունակի հետևել լրատվամիջոցներում և սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ տարածվող լուրերին և ապատեղեկատվությունների հայտնաբերման դեպքում հանդես կգա հրապարակումներով։ 

Անի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել