armenpress.am: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը կարծում է, որ թատրոնի փլուզված արտաքին աստիճանավանդակը կարելի է ապամոնտաժել:
Մկրտչյանն ասաց, որ չէին կարող գուշակել, որ նման բան է լինելու: «Պետք է հստակ որոշում կայացվի աստիճանավանդակը վերականգնվելո՞ւ է, թե՝ ապամոնտաժելու: Կարծում եմ՝ այն պետք է ապամոնտաժվի»,- նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ աստիճանավանդակը կառուցվել է 2002 թվականին: Այն տարել է դեպի վերնահարկի սրճարան: «Մենք այդ աստիճանները երբեք չենք օգտագործել, և ես անգամ չգիտեմ՝ այդ աստիճաններն օրինակա՞ն են կառուցվել, թե՝ ոչ: Դա պետք է ճշտել և համապատասխան եզրակացություններ ու գործողություններ իրականացնել»,- ընդգծեց թատրոնի տնօրենը:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին, ժամը 08:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակի (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
comment.count (0)