ՊԵԿ-ն աշխատելու է բնականոն ռեժիմով, իրականացնելու է իր գործառույթները ամբողջ ծավալով, հարկ վճարողներին էլ հորդորել ենք, որ ստեղծված գործընկերային հարաբերությունները պահպանեն նույն բարձունքի ու արդյունավետության վրա։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով ծրագրավորված համամասնությունն առաջին եռամսյակի համար կկատարեն՝ մի փոքր գերակատարումով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 15-16 տոկոսով աճ կնախատեսի, կամ գումարային առումով գրեթե 40-45 մլրդ։ Բայց սա, Անանյանի խոսքով, տարեսկզբից թափ առած արդյունքն է, կամ նախորդ տարվանից եկող իներցիան, եւ մարտի սկզբից համաշխարհային համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության հետ կապված որոշակի խնդիրների արդյունքներն են արձագարում, հետեւաբար տարեսկզբից ունեցած աճի տեմպը մարտի 2-րդ տասնօրյակից սկսած դանդաղում է։
ՊԵԿ նախագահի խոսքով՝ ապագան շատ առումներով անկանխատեսելի է, եւ անհայտներն ու փոփոխական ցուցանիշներն այնքան շատ են, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, ինչպիսիսն կլինեն տնտեսության ցուցանիշները, ինչպիսի պատկեր կունենանք հարկաբյուջետային քաղաքականության ու պետբյուջեի հարկային եկամուտների առումով։
Այդուհանդերձ, Անանյանը վստահեցրեց, որ հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու են օժանդակումներ․
«Մի քանի փուլեր են լինելու, որոնց մասին արդեն խոսվել է։ Վարչապետն ավելի գլոբալ խնդիր է առաջ քաշել, որ երեկվա աշխարհն այլեւս գոյություն չունի, մենք համաշխարհային մակարդակով տնտեսական կոլապսի ենք ականատես լինելու, այսօր այդ խնդիրը լոկալիզացնել ու խոսել ՀՀ պետբյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին՝ հիպոթետիկ հարց է։ Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես հիմա պատրաստ չեմ պատասխանել եւ ոչ ոք պատրաստ չէ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հարկային վարչարարությունը, հարկ վճարողների հետ լավ հարաբերությունները պահպանվեն: Մենք բոլոր զարգացումներին պատրաստ ենք, կան ֆինանսական միջոցներ ներգրավելու թե՛ աղբյուրներ, թե՛ հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության մեջ սպասվող դժվարությունները»։
Ասուլիսի ժամանակ Անանյանը հայտնեց, որ ապրանքաշրջանառության ծավալներն ընդհանուր առմամբ ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց դա հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, որովհետեւ այդ կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում։ Իսկ ահա առեւտրի ոլորտում որոշակի դրական տեղաշարժ կա։ Մարտի 16-ին տպվել է շուրջ 1,3 մլն ՀԴՄ, մարտի 12-ին՝ շուրջ 1,5 մլն ՀԴՄ։ Եղել են անկումներ, վերելքներ, էական փոփոխություններ դեռ չեն արձանագրվել, Անանյանի կարծիքով՝ դրանք դեռ առջեւում են։
comment.count (0)