«ՍԱՍ»-ի աշխատակիցը պնդում է՝ ուղարկում են չվճարվող արձակուրդի, փաստաբանը վստահ է՝ գործող օրենքով կարող է պաշտպանել նրան |armtimes.com|
19:47 - 22 մարտի, 2020

«ՍԱՍ»-ի աշխատակիցը պնդում է՝ ուղարկում են չվճարվող արձակուրդի, փաստաբանը վստահ է՝ գործող օրենքով կարող է պաշտպանել նրան |armtimes.com|

armtimes.com: «ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ, երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: 

Մեր հարցին՝ գնացե՞լ են գրասենյակ, պատասխանեց, որ գնացել են, բայց դիմում չեն գրել. «Մոտ 13 հոգի էինք երեւի, մեր մոլի եւ Դալմա մոլի աշխատակիցներով, ոչ ոք չստորագրեց: Ասացինք, որ մենք լսել ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի  խոսքը, որը հայտարարում էր, որ գործատուն պարտավոր է վճարել այն աշխատողներին, որոնք իրենց կամքից անկախ են ստիպված մնալ տանը: Ասացին՝ մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք լսել ենք նաեւ, որ ինչ-որ օրենսդրական փոփոխություն են անում, սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- մեր զրույցում ասաց նա: 

«ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ահազանգեր ստացվեցին նաեւ այլ ընկերություններից: Որոշ ընկերություններում,  պարզվեց, իրավիճակը լրիվ հակառակն է: Ոչ թե հարկադիր պարապուրդի մեջ են, այլ նույնիսկ ջերմություն ունեցող աշխատակիցներին են աշխատանքի կանչում:  

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում  է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:

Մարտիրոսյանն ասաց, որ փոփոխությունը մանրամասնել չի կարող, քանի որ իր ցանկացած տեղեկություն պետք է պարետատունը հաստատի: Նշեց միայն, որ նախագիծը դեռ ԱԺ չի հասել, հիմա շահագրգիռ գերատեսչությունների քննարկումների փուլ է, հավաքում են արձագանքներ եւ առաջարկներ՝ նախագիծը ամբողջացնելու եւ ԱԺ ներկայացնելու համար: Թե ինչ ժամկետում դա կլինի խորհրդարանում՝ նախարարի խոսնակը նշեց, որ որեւէ ժամկետ չի սահմանվել եւ հասկանալի է, որ ինչքան շուտ լինի, այնքան լավ:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, սակայն, այն կարծիքին է, որ աշխատողի իրավունքները գործող աշխատանքային օրենսդրությամբ էլ հնարավոր է պաշտպանել, փոփոխության կարիք չկա:

Փաստաբանը դրա համար հիմք է համարում գործող Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածը, որը սահմանում է, որ «եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել