Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան
17:08 - 27 մարտի, 2020

Եթե Արցախում ընտրությունները հիմա կայանան, չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները․ Հայկ Սահակյան

4 օր անց Արցախի Հանրապետությունում կայանալու են նախագահական ընտրություններ, եթե, իհարկե, համավարակի ֆոնին դրանք հետաձգելու որոշում չկայացվի։ Արցախի նախագահի թեկնածուներն, ըստ էության, ընտրությունները հետաձգելու միասնական դիրքորոշում չունեն։ Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները եւս տարբեր տեսակետներ են հայտնում։

Թեմայի շուրջ զրուցել ենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ։

- Պարո՛ն Սահակյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածման վտանգի պայմաններում արգելվել են հանրային բոլոր միջոցառումները, աշխարհի մի շարք երկրներում հայտարարված է արտակարգ դրություն․ թեեւ Արցախում վարակի հաստատված դեպք չկա, բայց ճի՞շտ եք համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը։

- Արցախում այս պահին, ինչպես նկատեցիք, կորոնովիրուսի գրանցված դեպք չկա, բայց դա դեռ չի երաշխավորում, որ առաջիկայում չի ֆիքսվի: Բայց, մի կողմ թողնելով հարցի առողջապահական-անվտանգային ասպեկտը, կուզենայի մի դրվագի վրա ձեր ուշադրությունը սեւեռել. Արցախում ընտրության իրավունք ունեցող քաղաքացիները, բնականաբար, հետեւում են աշխարհում տիրող իրավիճակն, լուրերին ու հետևություններ անում: Ասել կուզեմ՝ եթե անգամ ընտրությունները անցկացվեն, դրանք անկասկած մասնակցության թվի վրա ազդեցություն կունենան, քանի որ շատերը գուցեեւ սեփական անձի եւ ընտանիքի առողջությունն ու անվտանգությունը գերադասեն քաղաքացիական պարտքը կատարելուն։

Եվ երկրորդ ասպեկտը՝ նման պայաններում ընտրությունների վրա ազդեցություն են ունենում առավել կազմակերպված գործոնները, իսկ, ինչպես ցույց է տալիս մեր ոչ վաղ անցյալի քաղաքական մշակույթը, այդ կազմակերպված գործոնը կրիմինալ տարրն է լինում: Հետեւաբար, առաջիկայում Արցախում ընտրությունների անցկացումը այդ ընտրությունների վրա էական քանակական եւ որակական հետեւանքներ է ունենալու, եւ սրանից կարող ենք հետեւություն անել նաեւ, որ այդ ընտրությունները չեն ներկայացնելու արցախաբնակ մեր հայրենակիցների քաղաքական տրամադրության իրական արդյունքները։

- Այսինքն՝ հնարավոր եք համարում նաեւ կրիմինալ տարրերի ակտիվացում ու ընտրությունների ելքի վրա հնարավոր ազդեցությո՞ւն։

- Կրիմինալ տարրերը արդեն իսկ ակտիվացած են, ինչին մենք ականատես եղանք երկու շաբաթ առաջ նախընտրական ավտոշարասյան մուտքը Մարտունի քաղաք արգելելու ակտով, ինչպես նաեւ ոստիկանության բավականին պասիվ դիրքավորմամբ: Խոսքս չի վերաբերում, իհարկե, ընտրակեղծարարությանը․ ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի։ Բայց քաղաքացիների պասիվ մասնակցության դեպքում կազմակերպված զանգվածների ակտիվ մասնակցությունը ակնհայտորեն լուրջ եւ գործուն ազդեցություն կթողնի ընտրությունների ելքի վրա, ինչը անխուսափելիորեն հղի կլինի հետըտրական քաղաքական անկանխատեսելի զարգացումներով: Իսկ մենք արդեն Սերժ Սարգսյանի օրինակով տեսել ենք, թե ինչպիսի դրսեւորում է ունենում այն, երբ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։

- Իսկ, ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, արդյոք քարոզարշավի համար ծախսած գումարները։

- Խորքային պատճառը տիրող քաղաքական մշակույթն է: Նախ՝ թեկնածուները նախընտրական շրջանում միմյանց հետ հարաբերվելու ավանդույթներ չունեն, ամեն ինչ զրոյից պետք է սկսվի, ինչը բարդացնում է ընդհանուր համաձայնության գալու եւ որոշում կայացնելու հարցը։ Եւ երկրորդ՝ Արցախում գրեթե միշտ վերեւից ներքեւ պատրաստի որոշումներ են իջեցվել, ինչին հնազանդվել են բոլորը. դա նորմալ քաղաքական պրակտիկա է եղել, եւ հիմա բոլորը սպասում են նախագահ Բակո Սահակյանի որոշմանը, իսկ թե ինչ գերակայություններով է առաջնորդվում պարոն Սահակյանը, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում:

- Պարո՛ն Սահակյան, ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։

- Այստեղ սկսվում են իրական և խորքային խնդրները: ՀՀ եւ ԱՀ միջև իրավաքաղաքական հարաբերությունները լղոզված են, հստակություն չկա, կա նախկին փորձ, երբ հայաստանյան իշխանությունները ուղղակի ազդեցություն ունեին Արցախում քաղաքական ներկապնակի ձեւավորման վրա: Բայց հիմա ՀՀ կառավարող ուժը խոցելի է այդ առումով, որովհետեւ, եթե ուղիղ ազդեցության փորձ լինի, նախկինները՝ ի դեմս Սարգսյան-Քոչարյան կլանի, որ դեռեւս ամբողջ ծավալով գործում է Արցախում, մեծ հիստերիա կսկսեն, թե՝ ճնշում եւ ազդեցություն կա Արցախի Հանրապետության ներքին քաղաքական կյանքի վրա։ Ի դեպ՝ թեկնածուներից մեկը մինչնախընտրական շրջանում բազմիցս բարձրաձայնում էր այդ մասին՝ կարծես հող նախապատրաստելով հետագա զարգացումների համար: Եթե որեւէ նախաձեռնությամբ հանդես չգան և ընտրությունները կայանան ու հետընտրական ինչ-ինչ զարգացումներ լինեն, բնականաբար Հայաստանում կառավարող ուժին բազմաթիվ հարցեր կլինեն: Այս պահի դրությամբ փաստացի ընտրությունների անցկացման ողջ պատասխանատովությունը Բակո Սահակյանի ուսերին է, եւ մենք, ըստ էության, ֆորմալ առումով ՀՀ վարչապետից պահանջ չենք կարող ունենալ, սակայն ոչ ֆորմալ առումով հարցերը շատ եւ շատ են լինելու, քանի որ, ինչպես նշեցիք արդեն, վարչապետի կողմից Հայաստանը հռչակվել է Արցախում ընտրությունների՝ ազատ, արդար և ժողովրդավարական չափորոշիչներին համպատասխան անցկացման երաշխավորը:

- Ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին։

- Բակո Սահակյանը՝ առաջնահերթ, սակայն հանրությունը ոչ անհիմն հարցեր է ունենալու նաեւ հետաձգելու կոչ չարած ուժերին ու թեկնածուներին: Վերջնարդյունքում հարցը ինչ-որ մեկին պատին գամելու մեջ չէ, այլ համընդհանուր անվտանգության, քաղաքացիների առողջության եւ, իհարկե, ընտրությունների արդար ելքի մեջ է, ու եթե որեւէ ասպեկտ այս թվարկվածներից վտանգվի, խնդիրներ են լինելու:

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել