Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են նշանակված։ Պայմանավորված կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիայով ու Արցախում վարակի տարածումը կանխարգելելու անհրաժեշտությամբ՝ սոցիալական ցանցերում ու դրանցից դուրս սկսվել է «Հետաձգել ընտրությունները» արշավը։ Infocom-ը փորձեց հասկանալ նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի տեսակետը։ Օրինակ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանն ու Գեւորգ Գորգիսյանը կարծիք հայտնեցին, որ Արցախն առանձին պետություն է, եւ այնտեղ որոշում պետք է կայացնի տեղի իշխանությունը՝ ելնելով իրավիճակից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն, ըստ էության, կիսում է իր ընդդիմադիր գործընկերների այն տեսակետը, որ հայաստանյան իշխանությունները որեւէ կերպ չպիտի միջամտեն Արցախում տեղի ունեցողին։ Թեպետ Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք այս պահի դրությամբ չի արձանագրվել, այդուհանդերձ, պատգամավորի խոսքով, պետք է զգոն լինել, քանի որ ժամ առ ժամ, րոպե առ րոպե փոխվող իրավիճակը կտրականապես կարող է փոխել նժարի հակառակ կողմը։
Միեւնույն ժամանակ, Բաղդասարյանի կարծիքով, քաղաքացիները որոշակի զգուշավորություն կցուցաբերեն, ու դրանից կարելի է ենթադրել՝ ընտրությանը ընդհանուր մասնակցության նվազ ցուցանիշ կարող է գրանցվել։
Այս պարագայում, ինչպես մեր զրույցում ասաց պատգամավորը, այն, ինչ կարող են անել ՀՀ իշխանությունները, որեւէ կերպ չմիջամտելն է Արցախում ստեղծված մինչընտրական իրավիճակին․ «Որովհետեւ ցանկացած միջամտություն տարբեր քաղաքական ուժեր խիստ նեղ կարող են գնահատել ու քաղաքական երանգներ դնել։ Անգամ Հայաստանի պարագայում, երբ պարզ է՝ հանրաքվեն չի կարող անցկացվել արտակարգ դրության ժամանակ, քաղաքական երանգ տրվեց այս ամենին՝ մեկնաբանությամբ, թե՝ մասնակցայնություն չեն կարող ապահովել, արտակարգ դրությամբ հետաձգցեին։ Միակ բանը, որ կարող ենք անել եւ անում ենք՝ չմիջամտելն է»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
«Իմ քայլը» խմբակցությունից Արուսյակ Ջուլհակյանը, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է համարում մարտի 31-ին նշանակված ընտրությունների անցկացումը, այս իրավիճակն ինչպե՞ս կարող է ազդել ընտրությունների ելքի վրա, նկատեց, որ ըստ Արցախի Սահմանադրության՝ ընտրություններ չեն անցկացվում, եթե երկրում պատերազմ է կամ հայտարարված է արտակարգ դրություն․
«Կարծեմ՝ ընտրությունները հետաձգելու համար այլ իրավական հիմք չկա։ Քանի որ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք արանագրված չէ Արցախում, թերեւս, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը բացակայում են, ըստ այդմ՝ ընտրությունները չեն կարող հետաձգվել»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ չգիտի՝ ստեղծված իրավիճակը որքանով կխոչընդոտի քաղաքացիների՝ ընտրատեղամաս գնալուն, դա ցույց կտա ժամանակը։
Թե որն է պատճառը, որ Արցախի նախագահի թեկնածուներն ընտրությունները հետաձգելու ընդհանուր որոշմամբ հանդես չեն գալիս, Ջուլհակյանը հիշեց, որ օրեր առաջ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հայտարարության մեջ նշված էր, որ ինքն ըմբռնումով կընդունի, եթե որոշվի հետաձգել ընտրությունները։ Իսկ մյուս թեկնածուների հայտարարություններից պատգամավորը տեղյակ չէր։
ՀՀ վարչապետն ամիսներ առաջ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն ամեն կերպ աջակցելու է Արցախին՝ այնտեղ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումն ապահովելու համար։ Քանի որ արցախյան իշխանություններն այս իրավիճակում ընտրությունները հետաձգելու նախաձեռնությամբ հանդես չեն գալիս, պատգամվորից հետաքրքրվեցին՝ իր կարծիքով արդյոք ՀՀ իշխանությունները պե՞տք է սկսեն ինչ-որ քայլեր ձեռնարկել։
Ջուլհակյանը վստահեցրեց՝ Հայաստանն, իհարկե, հավատարիմ է իր այս հանձնառությանը, եւ այդ կապակցությամբ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին կառավարության հայտարարած դրամաշնորհային ծրագրով դիտորդական առաքելություն են իրականացնելու երկու ՀԿ-ներ՝ Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակն ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը․
«Դիտորդների մեծ մասը, եթե չեմ սխալվում, Արցախից են։ Կառավարության վերջին նիստի ժամանակ էլ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանից ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ գնացող դիտորդները պարտադիր կթեստավորվեն»,- հիշեցրեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ ընտրությունների կայացման ու դրանից հետո կորոնավիրուսի հետ կապված անցանկալի զարգացումներ ունենալու պարագայում ո՞վ է կրելու քաղաքական պատասխանատվություն, Բակո Սահակյանի իշխանությո՞ւնը, թե՞ քաղաքական ուժերը, որոնք հետաձգելու կոչ չարեցին, Արուսյակ Ջուլհակյանն պատասխանեց․
«Այս հարցը գտնվում է Արցախի իշխանությունների և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տիրույթում։ Եվ նրանք պետք է որոշեն, թե արդյոք կան իրավական հիմքեր և անհրաժեշտություն՝ ընտրությունները հետաձգելու համար, ինչպես նաև ընտրություններն, այդուհանդերձ, անցկացնելու դեպքում ապահովեն սանիտարահիգիենիկ պայմանների, հակահամավարակային պայմանների, մարդկային կուտակումների բացառման խստագույն պահպանումը»։
Նույն խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանն էլ այն կարծիքին է, որ եթե Արցախում վարակման դեպք չունեն, ապա իշխանությունները շարժվում են ըստ իրավիճակի, ու չպետք է միջամտել ընտրությունների անցկացման ժամկետին։ Նրա համոզմամբ՝ քաղաքացիները մասնակցելու են ընտրությանը, քանի որ ռիսկերն, ըստ էության, այս պահին կառավարվում են, փակվել են նաեւ Հայաստանից Արցախ տանող ճանապարհները, այստեղից մեկնող քաղաքացիներն էլ բուժզննում են անցնելու։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)