«Հետքին» արգելել են նկարահանում իրականացնել Աշտարակի բժշկական կենտրոնում |hetq.am|
22:23 - 31 մարտի, 2020

«Հետքին» արգելել են նկարահանում իրականացնել Աշտարակի բժշկական կենտրոնում |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը մի քանի հոդված է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսին է առկա վիճակը մարզերի հիվանդանոցներում, ինչքանով են դրանք պատրաստ կորոնավիրուսով վարակված հիվանդներ ընդունելու: Հրապարակված նյութերից մեկի ֆեյսբուքյան մեկնաբանություններում մի քաղաքացի խնդրում էր անդրադառնալ նաև Աշտարակի հիվանդանոցին:

 

 

«Մի հատ եկեք Աշտարակինը պալատներով, բանով նկարեք, խնդրում եմ։ Տոտալ խայտառակություն ա...»,-գրել էր քաղաքացին:

Այցելեցինք Աշտարակի հիվանդանոց՝ տեղում պարզելու իրավիճակը։ Հիվանդանոցի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կոպիտ տոնով ասաց, որ չի կարող մեզ ընդունել, քանի որ զբաղված է ավելի կարևոր գործերով: «Ես ձեզ չեմ ընդունելու, չեմ խոսելու»,-ասաց Ա. Հովհաննիսյանը և փակեց ընդունարանի դուռը: Հետո աշխատակցի միջոցով փոխանցեց, որ գնանք իր մոտ: Դարձյալ ընդունարանի մուտքի մոտ կանգնելով՝ ասաց, որ ընդամենը մեկ նախադասություն է ասելու՝ «Ամեն ինչ նորմալ է, բնականոն աշխատում ենք»:

Քանի որ Աշտարակի բժշկական կենտրոնը մարզային ենթակայության բժշկական հաստատություն է, զանգահարեցինք Արագածոտնի մարզպետի ընդունարան, որպեսզի մարզպետին ներկայացնենք իրավիճակը: Գործավարուհին ասաց, որ մարզպետը տեղում չէ, և խորհուրդ տվեց դիմել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն: Վերջինիս աշխատակցուհին նախ հետաքրքրվեց, թե ինչու ենք այցելել հիվանդանոց, ապա, լսելով պատասխանը, նշեց. «Նորմալ է ամեն ինչ»: Մենք պնդեցինք, որ ցանկանում ենք տեղում պարզաբանումներ ստանալ հիվանդանոցի տնօրենից։ Մարզպետարանի աշխատակցուհին ասաց, որ կզանգահարի քիչ ուշ:

Հիվանդանոցի բակում 40 րոպե սպասելուց և մարզպետարանից զանգ չստանալուց հետո որոշեցինք գնալ մարզպետարան և տեղում ստանալ պատասխանը:

Մինչ մարզպետարան գնալը զանգահարեցինք նաև վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ ներկայացնելու իրավիճակը: Պարզաբանեցինք, որ քաղաքացիներից բողոք ենք ստացել, նյութը գրելու ենք, պարզապես ցանկանում ենք տեղում պարզաբանում ստանալ: Ասաց, որ չի կարող ստիպել հիվանդանոցի տնօրենին, որպեսզի նա պարզաբանում տա, սակայն հիշեցնելով նախկինում հրապարակած մեր հոդվածները՝ ակնարկեց, թե նպատակահարմար չեն նմանատիպ հրապարակումները:

Մարզպետարանի մուտքի մոտ մեզ դիմավորեց պաշտպանիչ միջոցներ չկրող մի տղամարդ: Մարզպետարանից փոխանցեցին, թե նա պահակն է: Տղամարդը ոչ ձեռնոց ուներ, ոչ էլ՝ պաշտպանիչ դիմակ: Ասաց, որ չենք կարող առաջ գնալ և որ ինքը առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից կճշտի պատասխանը և կփոխանցի: «Ապեր, դու դրսում սպասի»,-ասաց պահակը:

Որոշ ժամանակ անց ենթադրյալ պահակը մոտեցավ և ներկայացրեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանը. «Ասում են՝ պարետն արգելել է հիվանդանոցը նկարել, չեք կարող գնալ ու նկարել»:

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով խնդրեցինք, որ այդ ամենը մեզ փոխանցեն հենց վարչության աշխատակիցները: Պահակը նշեց, թե հիմա կզանգեն ու կասեն: Մարզպետարանի բակում 30 րոպե սպասելուց հետո որևէ մեկն այդպես էլ չզանգեց: Դարձյալ զանգահարեցինք նշված վարչություն: Աշխատակիցը, ով չներկայացավ, նշեց, թե մեզ պետք է զանգահարեր բաժնի պետը:

«Հիմա կասեմ կզանգի, եթե ազատ լինի»,-ասաց աշխատակցուհին դեռևս ժամը 15:00-ին: Մինչ այս պահը Արագածոտնի մարզպետարանից որևէ զանգ չենք ստացել:

Ավելին՝ կարդացեք Հետք-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել