Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշեց, որ, ըստ իրենց ուսումնասիրությունների, այս ճգնաժամային իրավիճակում ոչ միայն հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ չի նվազել, այլև որոշ դեպքերում նկատվում է այդ հետաքրքրության շեշտակի աճ։
«Մեր պետական կառույցների ֆեյսբուքյան էջերի, կայքերի հետևորդների քանակը բազմապատկվում է, խնդիր ունենք անել այնպես, որ ճգնաժամի հաղթահարումից հետո այս տվյալները չնվազեն, և մենք ձևավորենք կայուն հետևորդների ինստիտուտը։ Այս շաբաթվանից մենք կսկսենք մեր պետական կառույցների PR մարքեթինգի պատասխանատուների հատվածի հետ համապատասխան վեբինարներ կազմակերպել, որ մշակենք այս տվյալները պահպանելու և զարգացնելու ձևաչափերը»,- նշեց նա։
Արայիկ Խզմալյանի խոսքով՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ն իր ֆեյսբուքյան էջում հեռարձակել է 6 ներկայացում։ Նշված ժամանակահատվածում ցուցադրված նյութերի ընդհանուր դիտումների քանակն արդեն անցնում է 840 հազարը։ Թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետևորդների թիվը նշված ժամանակահատվածում ավելացել է 5000-ով։
«Սունդուկյանի անվան թատրոնում մեկնարկել է «Առցանց խաղացանկ» նախագիծը։ Երեկ ցուցադրվել է առաջին ներկայացումը, որ ունեցել է շուրջ 40 հազար դիտում։ Առցանց ցուցադրությունները շարունակվում են գրեթե բոլոր թատերահամերգային կազմակերպությունների սոցիալական ցանցերով և կայքէջերով։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն անհատական կամ խմբակային մակարդակներում տեսագրում են համերգային կատարումներ, հեռարձակում են դրանք, ինչպես նաև կոչ են անում մնալ տանը և հետևել պարետատան ցուցումներին»,- նշեց նա։
Արայիկ Խզմալյանն ասաց, որ մեծ հետաքրքրություն է առաջացրել Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի հեռարձակումը։ Նրա խոսքով՝ սիմֆոնիան ձայնագրվել էր 2019 թ․ և երբևէ չէր հեռարձակվել, առաջին անգամ հեռարձակվեց այս պայմաններում։
« «Արմմոնո» մենաներկայացումների թատերական միջազգային փառատոնը ևս ընտրել է առցանց ձևաչատը։ Ստեղծվել է «Armmono Talking» խորագրով նախագիծ՝ զրույցներ ոլորտի տարբեր մասնագետների հետ։ Սա նաև կրթական ծրագիր է»,- նշեց նա։
comment.count (0)