Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան
18:42 - 09 ապրիլի, 2020

Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչը ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:
Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):

2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:
Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞մ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել՝ առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյո՞ք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):

Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում: Ասեմ ավելին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ, իր հերթին, ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:

Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգենք, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր՝ պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:

Հ.Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ Ոստիկանությունը չէր ասելու «այո, մենք հանցագործություն ենք արել»: Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարքով հերքում ենք պահանջելու»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել