Ավիատոր, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն այսօր՝ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով իր և Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հարաբերություններին, նշեց, որ անձնական հարաբերություններ աշխատանքում իր համար գոյություն չունեն։
«Ես բազմիցս փորձել եմ օգնել, անել այն գործառույթները, որոնք ի պաշտոնե վարչապետի խորհրդականի գործառույթներից տարբերվում են։ Ես փորձել եմ շուկայական հարաբերություններում հավասարակշռություն մտցնելու ուղղությամբ գործառույթներ կատարել ՌԴ-ում, ԵԱՏՄ հարթակում։ Ռուսական կողմը շատ կոշտ դիրքորոշում ունի շուկայի կարգավորումներում, և խախտելով միջազգային նորմերը, մասնավորապես՝ Համաշխարհային Քաղաքացիական ավիացիայի հիմնարար փաստաթուղթ հանդիսացող Չիկագոյի կոնվենցիայի 15-րդ հոդվածը՝ ՌԴ-ն ներկայացնում է խտրական գներ՝ մոտ երեք անգամ տարբերվող, ինչպես աերոնավիգացիոն, այնպես էլ օդանավակայանային բոլոր ծառայությունների համար և նավթի գներում, ինչը հայկական, ինչպես նաև այլ արտասահմանյան փոխադրողների ծառայությունների արժեքը թանկացնում է»,- ասաց նա։
Հակոբ Ճաղարյանի խոսքով՝ նոյեմբերի 21-ին Բրյուսելում Քաղավիացիայի կոմիտեի և Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հանդիպումից հետո, երբ հայտնի դարձավ, որ նրանք ունեն որոշակի անհամաձայնություններ, ինքն առաջարկել է կանչել եվրոպական սերտիֆիկացված մասնագետների, որոնք ի զորու են ստեղծել այն բոլոր հիմնարար փաստաթղթերը, որոնք պահանջվում են ցանկացած պետության ավիացիոն իշանություններից և ցանկացած պետության կառավարությունից։
Առաջարկի պատճառն, ըստ Ճաղարյանի, այն էր, որ մեր պետությունն ուներ երկու տարվա բաց՝ փաստաթղթերի, թարմացման, մասնագետների, վերապատրաստման և այլ հարցերում։
«Ես հավաքեցի եվրոպացի մասնագետների՝ իտալացու, խորվաթի և հայի, որոնք պատրաստ էին Հայաստան գալ բավականին էժան գներով և կազմել բոլոր փաստաթղթերը»,- նշեց նա։
Ճաղարյանի խոսքով՝ առաջարկը չընդունվեց այն պատճառաբանությամբ, որ վերջնական հարցը լուծվելու է մայիսին, սկզբից կարվեն որոշակի քայլեր, դրանից հետո ավելի արագ տեմպերով այդ գործառույթին կանդրադառնան։
Հակոբ Ճաղարյանը նշեց, որ Հայաստանը դեռ Եվրամիության սև ցուցակում չէ, բայց սև ցուցակում հայտնվելու վերջնագծին է։ Անդրադառնալով հետևանքներին՝ նա բերեց Ղազախստանի և Ղրղզսատնի օրինակը, որոնք 2005 թ․ հայտնվել էին Եվրամիության սև ցուցակում։ Ճաղարյանի խոսքով՝ մի շարք երկրներ ուղղակի արգելեցին այդ երկրների ավիափոխադրողների մուտքն իրենց երկիր՝ հիմնվելով Եվրամիության ընդունած որոշման վրա։
«Իհարկե կան տարբերակներ դրանցից խուսափելու։ Ավիաընկերություններին՝ որպես անհատ միավորների, հնարավորություն է տրվում անցնել այդ աուդիտները, ստուգումները, և որպես ավիաընկերություն հատատել նրանց պատրաստությունը, կարողությունները՝ թռիչքային անվտանգության միջազգային պարտականությունները, օրենքները կատարելու տեսակետից։ Այսինքն՝ ընդունելով հանդերձ, որ երկրի ավիացիոն իշխանություններն ի զորու չեն տալ համապատասխան միջազգային նորմերին համապատասխանող փաստաթուղթ, Եվրամիությունը պատրաստ է ընդունել ավիաընկերությունների՝ բացառության կարգով՝ անկախ նրանց իշխանությունների պատրաստությունից»,- ասաց Ճաղարյանը։
Նրա խոսքով՝ հիմա այդպիսի օրինակ է Մոլդովան, որտեղ երկիրը սև ցուցակում է, բայց բայց մոլդովական երեք ընկերությունների հնարավորություն են տվել անցնելու աուդիտ, նրանք անցել են և իրավունք ունեն Եվրոպա թռիչքներ կատարելու։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
comment.count (0)