Բուհերում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» համակարգը․ ԵՊՀ ղեկավարությունը քննարկում է առաջարկը
 |armtimes.com|
18:31 - 14 ապրիլի, 2020

Բուհերում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» համակարգը․ ԵՊՀ ղեկավարությունը քննարկում է առաջարկը |armtimes.com|

armtimes.com: Քննությունդ ի՞նչ ստացար»-ի փոխարեն՝ «Հանձնեցի՞ր, թե՞ չհանձնեցիր»։

Երբ երկրում արտակարգ դրություն է, բուհերում հեռավար կրթության գնահատման նոր միջոցներ են անհրաժեշտ․ 20 բալանոց համակարգն այլեւս չի արդարացնի։

Այս կարծիքին է Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որն այս պայմաններում իրավիճակի լուծման իր տարբերակն ունի։

Դեկանն առաջարկում է ԵՊՀ երկրորդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոցի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել» (pass, fail) եւ մագիստրատուրայում սովորողների համար՝ «պաշտպանել է, չի պաշտպանել» գնահատման համակարգը։

Նրա խոսքով՝ 20 բալանոցն այսօր իրատեսական չէ, չի արտահայտի օբյեկտիվ իրականությունը, կառաջանան խնդիրներ, հարցադրումներ, որոնց ոչ ոք չի կարողանա պատասխանել եւ դրանով իրավիճակն ավելի կխճճվի։ Եթե նույնիսկ այն կիրառվի, կկրի իմիջիայլոց, ձեւական բնույթ եւ կվարկաբեկի այս համակարգը։ Դումանյանը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ արտակարգ դրություն չէր, գործող համակարգի դեպքում խնդիրներ էին առաջանում, լինում էին բողոքարկումներ, էլ չասած՝ նման դեպքում։

Դեկանի այս գաղափարն առաջացել է, երբ արտակարգ դրություն է հաստատվել, բայց այն ժամանակ մտածել է, որ հնարավոր է՝ շուտով վերադառնանք նախկին կյանքին, սակայն այսօր արդեն վստահ է՝ գնահատման հարցը խիստ պահանջված է։

«Սա լավ կյանքից չէ, արտակարգ իրավիճակից, անորոշությունից բխող լուծում է»,- իր խոսքում նշեց Դումանյանը՝ հավելելով, որ նույնիսկ եթե քննությունների ժամանակ որոշակի կարգեր սահմանվեն, երաշխիք չկա, թե այն էֆեկտիվ կլինի եւ համատարած կկիրառվի։

Նա նկատեց, որ «հանձնել է, չի հանձնել»-ի դեպքում՝ ակնհայտ ռիսկեր չկան․ «Այստեղ ռիսկերն ավելի քիչ են, քան 20 բալանոց համակարգով անցկացնելու դեպքում»։

Ինչպե՞ս այն կկարգավորվի անվճար ու վճարովի համակարգում սովորողների փոխատեղման համար․ հարցին եւս լուծում կա։ Դումանյանի կարծիքով՝ այս դեպքում անհրաժեշտ է հիմք ընդունել առաջին կիսամյակի արդյունքում ստացված գնահատականը։ Առաջին կիսամյակի քննաշրջանն անցել է գործող համակարգի միջոցով, եւ որեւէ խնդիր չկա, բոլոր ուսանողներն ունեն իրենց ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական), որը հաշվի առնելով էլ ուսանողներն անցնում են վարովի համակարգից անվճար կամ հակառակը։ Հետագայում արդեն իրավիճակը կթելադրի՝ ինչ անել։

Վահրամ Դումանյանն ընդգծեց, որ քննության առաջարկվող տարբերակը չի խանգարի նաեւ ավարտական կուրսերին։ 4-րդ կուրսեցիները ռոտացիայի հարց չունեն, քննաշարջանն էլ ավելի վաղ են ավարտել եւ արդեն որոշակի գնահատականներ ստացել։ Մագիստրատուրայում սովորողներն էլ նախապատրաստվում են մագիստրոսական թեզի պաշտպանությանը։ «Որեւիցե խնդիր չկա, երբ մենք ասենք՝ պաշտպանել եք, կամ չեք պաշտպանել Ձեր թեզը»,-նկատեց Դումանյանը։

Հանձնել, չհանձնելը՝ առաջատար համալսարաններում

Ինչպես պատմեց դեկանը, համակարգը մանրակրկիտ ուսումնասիրելու ժամանակ պարզել է, որ ամերիկյան շատ առաջատար բուհեր, իրավիճակից ելնելով, նույնպես անցել են այս մեխանիզմին։ Դրանց մեջ են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի եւ Ստենֆորդի համալսարանները եւ այլն։ Մինչդեռ այդ բուհերի կրթության մեջ հեռավարի բաղադրիչն ավելի էական մաս է կազմում, քան մեզ մոտ, ուստի մենք առավել եւս պետք է կիրառենք համակարգը։

Հարցը կքննարկի ԵՊՀ ղեկավարությունը

Դումանյանն այս առաջարկը նաեւ ֆեյսբուքյան գրառման տեսքով է արել։ Օգտատերերը մեկնաբանել են, թե դա ստեղծված իրավիճակի ադեկվատ լուծում է։ Հարցը քննարկվել  եւ ընդունվել է նաեւ ֆակուլտետի գիտական խորհրդի հեռավար նիստի ժամանակ։ Առաջարկն այնուհետեւ ներկայացվել է ԵՊՀ ղեկավարությանը։ Այն ներառում է վերոնշյալ 2 կետերը՝ 2-րդ կիսամյակի քննաշրջանում 20 բալանոց գնահատման համակարգի փոխարեն կիրառել «հանձնել է, չի հանձնել, պաշտպանել է, չի պաշտպանել գնահատման համակարգը։ Ռոտացիայի համար հիմք ընդունել առաջին կիսամյակի գնահատականը։

Դեկանն այս թեմայով խոսել է նաեւ Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հետ։

Թե երբ կլինի ԵՊՀ պատասխանը, դեռ հայտնի չէ, Դումանյանն ակնկալում է՝ մոտ օրերս։ Նրա խոսքով՝ սա նաեւ բուհի ինքնավարության դրսեւորման հետաքրքիր ձեւ կլինի, քանի որ համալսարանն իրավասու է խնդիրը կարգավորել, իսկ հետագայում որոշակի հարցեր կարելի է համաձայնեցնել արդեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել