Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան
 |tert.am|
19:56 - 14 ապրիլի, 2020

Պատրաստակամ եմ նպաստելու Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին. Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողովին ներկայանալու համաձայնությունը ողջունելի է. Բակո Սահակյան |tert.am|

tert.am: ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հրավեր ինձ չի ուղղվել, բայց ցանկացած պարագայում և՛ ես, և՛ մենք բոլորս պատրաստակամ ենք նպաստելու այդ հանձնաժողովի աշխատանքները տրամաբանական ավարտին հասցնելուն, հատկապես որ այդ հանձնաժողովի անդամները և պատասխանատուները հայտարարել են, որ նրանց նպատակը մեկն է՝ վեր հանել այդ ժամանակաշրջանի բացերը և ամեն կերպ նպաստել, որ հետագայում նման զարգացումներ և գործողություններ լինելու դեպքում այդ բացերը չլինեն: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով դիտարկմանը՝ թե Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ հանձնաժողովի աշխատանքներին, և չի բացառվում, որ հանձնաժողովը Արցախում նիստեր անցկացնի, արդյո՞ք Սահակյանը կմասնակցի:

«Սերժ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը այդ հանձնաժողովին ներկայանալու և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելու, ինչը ողջունելի է»,-հավելեց Սահակյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը հայտարարել է, որ Քոչարյանի ապօրինի կալանքը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և պետք է վերացվի կալանքը, և արդյո՞ք դա չի կարող շանտաժ համարել, Սահակյանը պատասխանեց, որ մոտեցումը հայտնել է, և այն ամեն անգամ նոր մեկնաբանություններով չի փոխվելու:

«Այն, ինչ մտածում եմ, պատկերացնում եմ, հայտարարել եմ: Կարծում եմ, որ մենք բոլորս պարտավոր ենք, հաշվի առնելով այս գործընթացի յուրահատկությունը, ստեղծել բարենպաստ պայմաններ, որ այս գործն ստանա իր տրամաբանական գնահատականը, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ այդպիսի նախադրյալներ ունենք, և մեր ողջամտությունից, մեր գիտակցությունից, մեր պատասխանատվությունից է նաև կախված, թե ինչպիսի ավարտ կունենա այս գործընթացը»,-ասաց նա:

Հարցին՝ ծանո՞թ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, Սահակյանը պատասխանեց, թե ծանոթ է, և դրանում ոչ մի արտառոց բան չի տեսնում, առաջին դեպքը չէ, երբ անհրաժեշտության դեպքում Տեր-Պետրոսյանը իր տեսակետը հայտնում է:

«Շատ բնական եմ համարում, որ նման իրավիճակներում մեր երկրի նախորդ պատասխանատուները իրենց տեսակետը հայտնում են: Նա իր պատրաստակամությունն է հայտնել այս շրջանում նույնպես հնարավորինս օգտակար լինելու: Ես մտածում եմ, որ ՀՀ նախագահը իր պատասխանատվությունն է ցուցաբերել և ցանկություն է հայտնել օգտակար լինել նաև այս շրջանում»,-նշեց Սահակյանը:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել