ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց |ysu.am|
12:43 - 18 ապրիլի, 2020

ԵՊՀ-ում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն իրականացվելու են առցանց |ysu.am|

ysu.am: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝ ըստ հաստատված կարգերի՝ հաշվի առնելով բոլոր կետերը և դրույթները:

Նախապաշտպանությունները և պաշտպանություններն իրականացվելու են «Zoom» տեսակոնֆերանսի միջոցով, ձայնագրվելու են և պահպանվելու (Zoom Cloud):

Նախապաշտպանություններից և պաշտպանություններից առաջ ուսանողները պետք  է մինչև նշված վերջնաժամկետը վերբեռնեն պահանջվող նյութերը, այնուհետև ընտրեն նախապաշտպանության/պաշտպանության ժամանակաhատվածը (սլոտը): Ամրագրված ժամանակաhատվածը կարելի է չեղարկել և ընտրել տվյալ պահին առկա ժամանակահատվածներից մեկը:

Յուրաքանչյուր ուսանող պետք է ամրագրված ժամին միանա առցանց նախապաշտպանությանը/պաշտպանությանը, որի ընթացքում նա համակարգչով պետք է նստի պատի դիմաց, ունենա ականջակալներ և բարձրախոս:

Նախապաշտպանությանը մասնակցելու են համապատասխան ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանման աշխատակիցները և գիտական ղեկավարները: Ներկայացված թեզի, շնորհանդեսի և գիտական ղեկավարի կարծիքի հիման վրա իրականացվելու է ատեստավորում։ Ոչ էական դիտողությունների առկայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքը լրամշակվելու է և վերբեռնվելու պաշտպանության նյութերի բլոկում։

Պաշտպանությանը մասնակցելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամները, գիտական ղեկավարը, գրախոսը և 3-5 ունկնդիրներ: Ուսանողի մագիստրոսական թեզը գնահատելու են ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միայն այն անդամները, որոնք ներկա են եղել տվյալ ուսանողի պաշտպանության ամբողջ ընթացքին։

Ի դեպ, ուսանողի և հանձնաժողովի անդամների տեսախցիկները պարտադիր պետք է միացված լինեն ամբողջ պաշտպանության ընթացքում:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվելու են ամփոփումից անմիջապես հետո ուսանողի գնահատականների բաժնում: Բացի դրանից՝ բոլոր ուսանողների գնահատականների ցուցակը տեղադրվելու է հայտարարությունների ֆորումում: Ուսանողները ստանալու են նաև էլեկտրոնային նամակներ:

Նշենք, որ գնահատականների հրապարակումից հետո ուսանողները կարող են բողոքարկել առաջիկա մեկ ժամվա ընթացքում:

Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները/պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով Ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից մշակվել են ինչպես ղեկավարի, գրախոսի և ատեստավորող հանձնաժողովի անդամի, այնպես էլ ուսանողների ուղեցույցներ:

ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում ներդրված «Zoom» տեսակոնֆերանսը լիցենզավորված է և հնարավորություն է տալիս կազմակերպելու մեծ թվով մասնակիցների քննարկումներ: Այս ընթացքում մատնանշվել են հնարավոր բոլոր խնդիրները, և ԵՊՀ պրոռեկտորների հետ քննարկվել դրանց լուծման հնարավոր տարբերակները:

Տեղեկացնենք, որ հաշվի առնելով ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի առաջիկա առցանց պաշտպանությունների յուրահատկությունները՝ ապրիլի 17-ին կազմակերպվել է առցանց հանդիպում պրոռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են առկա խնդիրները:

ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի և Ռաֆայել Բարխուդարյանի հավաստմամբ, նմանաբնույթ հանդիպումները կլինեն հաճախակի, իսկ առաջիկայում կկազմակերպվեն քննարկումներ նաև ուսանողների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել