Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը
09:35 - 16 հուլիսի, 2019

Համաշխարհային բանկի տրիբունալը պարտավորեցրել է Պակիստանին մոտ $6 մլրդ վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը

aysor.am։ Օրերս հրապարակված դատավճռով Համաշխարհային բանկի տրիբունալը որոշում է կայացրել պարտավորեցնել Պակիստանին շուրջ 6 մլրդ դոլար վճարել ավստրալական Tethyan Copper ընկերությանը շուրջ յոթ տարի տևած դատավեճի արդյունքում։ Ըստ գործի նյութերի, ավստրալական Tethyan Copper ընկերությանը տարիներով արգելքներ են ստեղծվել իրեն պատկանող պակիստանյան հանքարդյունաբերական ծրագրի տարածքում գործունեություն ծավալելու համար։

Դատավեճը առաջացել էր դեռ 2011 թվականին, երբ Պակիստանի Բելուջիստան նահանգի իշխանությունները մերժել էին ավստրալական Tethyan Copper ընկերության հայցը` ստանալու Իրանի ու Աֆղանստանի սահմանակից շրջանում գտնվող հանքավայրի շահագործման արտոնագիրը, թեև այդ նույն շրջանում աշխատանքներ ծավալելու արտոնագիր նույն ընկերությանը տրվել էր դեռ 2006 թվականին։

Ըստ Mining.com-ի հրապարակման, Պակիստանի իշխանությունների այս քայլն արվել էր, երբ ավստրալական ընկերության չինական մրցակիցները ներկայացրել են մեկ այլ ծրագիր, որով Բելուջիստան նահանգը Չինաստանի մետալուրգիական կորպորացիայի (Metallurgical Corporation of China) կողմից կարող էր ստանալ եկամտի ու ռոյալթիների մասնաբաժին։

Ինչևէ, Պակիստանի իշխանությունները պնդում են, որ իրենց որոշումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներով, ինչպես նաև տեղի բնակչության բողոքների խնդիրները հաշվի առնելով։

Ավստրալական Tethyan Copper ընկերությունը վեճը տարել էր Համաշխարհային բանկի արբիտրաժային մարմին (International Center for Settlement of Investment Disputes), պնդելով, որ նախնական ուսումնասիրությունների վրա արդեն իսկ ծախսել է շուրջ 500 մլն դոլար։ Համաձայն նախնական պայմանավորվածությունների, այս ընկերությունը ի սկզբանե պլանավորում էր մոտ 5 մլրդ դոլարի ներդրումային ծրագիր, որը Պակիստանի պատմության մեջ ամենախոշոր օտարերկրյա ներդրումը կարող էր դառնալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել